Մեկնաբանություն

01.12.2010 15:05


«Արմատական» ընդդիմության փոխակերպումները

«Արմատական» ընդդիմության փոխակերպումները

Վերջերս ՀՀՇ-ում երիտթևի հավաք էր անցկացվում։ Իրեն որպես ազատական ու ժողովրդավարական հռչակող այդ կուսակցությունը համագումարից առաջ հասցրել էր շարքերը մաքրել այլ տեսակետ ունեցողներից և իրեն ապահովագրել անակնկալներից։ Հիրավի բազմակարծության ոստան է ՀՀՇ-ն. Կարապետ Ռուբինյանին ու մյուսներին լռեցնում են բացառապես ժողովրդավարական կանոններով։

Զավեշտն այն է, որ այս ամենի ֆոնին ելույթ ունենալով վկայի կարգավիճակ ունեցող երիտասարդների մոտ՝ ՀՀՇ-ի հոգևոր հայր դարձած Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատում էր բոլշևիկյան շրջանի երիտասարդ զոմբիներին ու փորձում հիմնավորել, թե իրեն ունկնդրողները բոլշևիկյան  կոմսոմոլների տիպաժին չեն համապատասխանում, այլ ազատախոհ են, քանի որ երկրպագում են... իրեն՝ «հիմնադրին»։

Պարզից էլ պարզ է, որ Լևոնի երիտասարդ համակիրներից շատերը ոչ պակաս զոմբիներ են, քան իրենց կոմսոմոլ կոլեգաները՝ նախորդ դարի 30-ականներին, բայց նրանց ներշնչում են, թե դա այդպես չէ։ Բնականաբար, դա արվում է երիտասարդներին օգտագործելու նպատակով. եթե մարդուն համոզում ես, որ  իր նվիրվածությունը «վոժդին» ոչ թե զոմբիություն է, այլ սեփական կամքով պայմանավորված գործողություն, ապա տվյալ օբյեկտին կառավարելն ավելի հեշտ է դառնում։

Տեր-Պետրոսյանի շուրջը տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ «համաժողովրդական» շարժումը հետզհետե մարգինալանում է և վերածվում նեղ ընտանեկան-բարեկամական շրջանակների շահերի արտահայտչի։ Արդեն սկսել են գործընթացի մեջ որդիների ու բարեկամների ներգրավել։ Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե արտագնա միջոցառումներին ուղարկում են բացառապես ՀՀՇ-ական վերնախավի զավակներին, իսկ կուսակցական նոմենկլատուրան համալրվում է միայն սրա–նրա տղայով։ Այսինքն՝ տերպետրոսյանականները ոչնչով չեն տարբերվում իշխանություններից։ Այսպես. Գալուստ Սահակայանն իր տղաներից մեկին հաջողացրել է պատգամավոր դարձնել, իսկ մյուսին՝ փոխնախարար։ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է տիրություն անում ընտանիքի անդամներին՝ պետական պոստերն ու բիզնեսի յուղոտ պատառները նրանց բաժին հանելով։ Մյուս բոլոր իշխանավորներն էլ նույն բանն են անում՝ ամենքն իր կարողության սահմաններում։

Բայց արի ու տես, որ այս իշխանությունների դեմ (ինչպես իրենք են արտահայտվում) արմատական տրամադրված ՀԱԿ-ականները նույն բանն են անում ու իրենց հնարավորությունների չափով քաղաքական դաշտում առաջ մղում տնեցիներին՝ հընթացս փողոցում ծեծի ուղարկելով ուրիշի որդիներին՝ «Թող ո՛չ  մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ծրագրի շրջանակներում։ Հիմա Լևոնի ու Սերժի, ՀՀԿ-ի ու ՀՀՇ-ի կամ որ նույնն է՝ ՀԱԿ-ի տարբերությունը ո՞րն է։

Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր երիտհհշական ելույթում առանձնահատուկ նշեց, որ ՀԱԿ-ը շարունակում է մնալ արմատական ընդդիմություն։ Հավանաբար դա այն է, երբ դու «Եղիազար Այնթապցուն» հնազանդվելու «միաբանական» առաջարկ ես  անում, բայց քեզ «պասլատ» է անում նույն այդ «Եղիազարը», և  ստիպված սկսում ես նրա հրաժարականը պահանջել, որպեսզի դեմքդ փրկես։ Շատ «հուժկու» արմատականություն է։

Մի ուշագրավ միտք էլ հայտնեց «հիմնադիրը» ՀՀՇ-ական կոմսոմոլի հավաքին։ Նա երիտասարդներին կոչ արեց ավելի շատ սովորել, քան զբաղվել քաղաքականությամբ։ «Ոչ մեկիդ չեմ ների, եթե կրթվելը ստորադասեք քաղաքականությանը»,- հայտարարեց մեր օրերի Լենինը։ Վատ միտք չէ, բայց եթե հիշում եք, 2008թ. «հեղափոխական» օրերին Լևոնն ու իր կողմնակիցները ուսանողությանը կոչ էին անում թողնել կրթությունն ու զբաղվել քաղաքականությամբ, այն է՝ դասադուլ անել ու գալ միտինգի։ Փաստորեն, այն ժամանակ ուսանողությունը պետք էր որպես օգտագործվող զանգված, ու «վոժդը» նրանց վրա չէր բարկանում, որ դասից փախել ու եկել էին իրեն լսելու, իսկ հիմա վիճակը փոխվել է, ու Տեր-Պետրոսյանին այլ բան չի մնում, քան լենինյան թեզիսներին անցնելը, այսինքն՝ վերադարձն իր բնական՝ նեոբոլշևիկյան վիճակին։

Սա այն դեպքն է, երբ տեղին է կիրառել «աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է» ասույթը։ Այսինքն՝ 2008թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը թքած ուներ երիտասարդների գիտելիք ձեռքբերելու վրա և նրանց կոչ էր անում թողնել դասերն ու գալ փողոց, իսկ հիմա, երբ «հիմնադիրը» հասկացել է, որ Բաղրամյան 26-ում հայտնվելու շանս չկա՝ դարձել է փիլիսոփա ու երիտասարդներին հորդորում է սովորել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը