Քաղաքական

23.06.2015 12:50


Էլինար Վարդանյան. «Դրանով հարցերը չեն լուծվում»

Էլինար Վարդանյան. «Դրանով հարցերը չեն լուծվում»

Ոստիկանության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը խոր անհանգստություն է առաջացրել հասարակության մեջ:

Ես կիսում եմ մեր քաղաքացիների անկեղծ ու արդար վրդովմունքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և Հայաստանի էներգետիկ համակարգը մութ պատմությունների պատճառով նման ծանր վիճակի հասցնելու հարցում: Դա հարվածում է մեր պետությանը, դա հարվածում է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին:

Իրավիճակի հետագա անցանկալի զարգացոմների առումով ինձ մոտ խոր անհանգստություն առաջացավ դեռևս հունիսի 22-ի երեկոյան, երբ ոստիկանության և ցուցարարների միջև բանակցությունները մտել էին փակուղի: Հստակ չէր, թե ովքեր են լիազորված՝ ցուցարարների կողմից բանակցելու, և նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր տարբեր շահերի առկայությունը: Ես մինչև ուշ գիշեր կապի մեջ եմ եղել թե՛ ոստիկանության, թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ փորձելով գտնել ելքել՝ խուսափելու համար բախումներից:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում իրավապահ մարմիններին ցանկացած պարագայում ցուցաբերել զսպվածություն, և միշտ հիշել, որ չի կարող խոսք գնալ որևէ բևեռացման մասին. մենք բոլորս ապրում ենք նույն երկրում, և մեր խնդիրներն ընդհանուր են:

Ինձ խորապես անհանգստացնում են մասնագիտական պարտքը կատարելիս լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները: Այս հարցում չի կարող լինել որևէ համոզիչ բացատրություն կամ արդարացում:

Ինձ խորապես անհանգստացնում է հարյուրավոր խաղաղ ցուցարարների ոստիկանական բաժանմունքներ տանելու փաստը, և կարևորագույն խնդիր է դրվում ժամ առաջ նրանց ազատ արձակումը:

Ես հիշեցնում եմ իշխանություններին, որ ջրցան մեքենաներով և մահակներով հնարավոր չէ լուծել մարդկանց արդարացի պահանջները: Դրանով հարցերը չեն լուծվում, դրանով ընդամենը խորացվում է ներքին թշնամանքը:

Աշխարհի ոչ մի երկիր ոստիկանական ուժերով չի լուծել տնտեսության զարգացման խնդիրը: Չեմ կարող չընդգծել մեր աչքի առաջ քաղաքացիական բարձր գիտակցությամբ երիտասարդների նոր շերտի ձևավորման միտումը, որոնց առաջնորդում են սեփական խիղճը և պետությանը տեր լինելու կամքը: Այս երիտասարդներն են հասարակության առողջացման և պետության ճիշտ զարգացման շարժիչը:

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը