Աշխարհ

22.06.2015 22:05


ԱՄՆ կառավարություն. «Մեղուներն ու կովերը վտանգավոր են շնաձկներից»

ԱՄՆ կառավարություն. «Մեղուներն ու կովերը վտանգավոր են շնաձկներից»

ԱՄՆ կառավարության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ընտանի կենդանիները կարող են մարդու համար ավելի վտանգավոր լինել, քան շնաձկներն ու կոկորդիլոսները:

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին հայացքից անվնաս կենդանիների հարվածներից ու կծելուց ավելի շատ մարդ է մահանում, քան վայրի կենդանիների հարձակումներից: Հաշվարկների պատճառը դարձել են Հյուսիսային Կարոլինայում վերջերս գրանցված շնաձկան հարձակումները, որոնց պատճառով բժիշկները ստիպված են եղել անդամահատել 12-ամյա աղջկա և 16-ամյա տղայի ձախ ձեռքերը:

Վիճակագրության տվյալների համաձայն՝ թեև շնաձուկը բավականին վտանգավոր է, սակայն 2001-2013թթ. ընթացքում կովերի հարվածներից ավելի շատ մարդ է մահացել: Միջին հաշվարկներով՝ շնաձկան հարձակումից տարեկան մեկ մարդ է մահացել: Նույն տվյալները գրանցվել են նաև կոկորդիլոսների հարձակման դեպքերում: Թունավոր օձերի կամ մողեսների խայթոցներից տարեկան 6 մարդ է մահացել, սարդերի խայթոցներից` 7 մարդ, ոչ թունավոր հոդվածոտանիներից` 9 մարդ: Իսկ ահա կովերի հարվածներից տարեկան 20 մարդ է մահացել, շների պատճառով` 28:

Մարդու համար ամենավտանգավոր կենդանիների ցուցակում առաջին հորիզոնականներն են զբաղեցրել մեղուները և բոռերը, որոնք տարեկան 58 մարդու մահվան պատճառ են դարձել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը