Լրահոս

19.06.2015 19:32


Ձերբակալվել է` Ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Ձերբակալվել է` Ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

2015 թվականի հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի երկու տեսուչ ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում։

Տեսուչները, կատարելով իրենց ծառայողական պարտականությունը, անվտանգության գոտիով չամրակապված վիճակում երթևեկելու համար, ժամը 19:10-ի սահմաններում կանգնեցրել են «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել վարորդական իրավունքի փաստաթղթեր:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, վիճաբանել է նրանց հետ, հայհոյել, քաշքշել` գործադրելով ոչ վտանգավոր բռնություն:

Դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունիսի 19-ին ձերբակալվել է:

Տեսուչների և կասկածյալի նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Մ.Ավետիսյանից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատակենսաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը