Տնտեսական

19.06.2015 13:12


Աշխատավարձերի մարմանը նաիրիտցիները հավատում են կիսաչհավատալով

Աշխատավարձերի մարմանը նաիրիտցիները հավատում են կիսաչհավատալով

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավատում են աշխատավարձերի մարմանը կիսաչհավատալով։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Բանախոսը նշել է, որ այդ անվստահությունը պատահական չէ. նախորդ տարեվերջին էլ էին խոստացել վճարել, ինչը չէր իրագործվել։

Հիշեցնենք՝ Կառավարության դիմաց «Նաիրիտի» աշխատակիցների վերջին բողոքի ակցիայից հետո, որը կարող էր վերածվել նստացույցի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձի ողջ պարտքը կմարվի, ինչն ավելի ուշ հաստատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Փետրվարին առանց վերջնահաշվարկի կրճատված «Նաիրիտի» հազարից ավելի աշխատակիցներ ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում և խոստացել էին չդադարեցնել դրանք մինչև խնդրի արդարացի լուծում։ Գործարանն աշխատողներին պարտք է մոտ 2 տարվա աշխատավարձ։

Մեջբերելով «Նաիրիտի» վերագործարկման մասին վարչապետի խոսքերը՝ «Գտե՛ք ներդրող, և ես կընդառաջեմ», Անուշ Հուրությունյանը նկատել է.

–Դա լուրջ չէ. եթե շահագրգռված են, որ երկրում լինի տնտեսություն, ուրեմն ներդրող պե՛տք է գտնել։

Նշենք նաև, որ չնայած նաիրիտցիները դադարեցրել են բողոքի ակցիաները՝ այսօր մասնակցելու են էլէներգիայի թանկացման դեմ կազմակերպվող բողոքի ակցիային:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը