Լրահոս

18.06.2015 17:45


Տաքսի ավտոմեքենայի մեջ սպանությունից հետո սպանողը ժամացույց է թողել՝ «հենց այնպես, որպես հուշ»

Տաքսի ավտոմեքենայի մեջ սպանությունից հետո սպանողը ժամացույց է թողել՝ «հենց այնպես, որպես հուշ»
Տաքսի մեքենայի մեջ՝ վարորդի ներկայությամբ, Լևոն Բունիաթյանի սպանության գործով առաջին դատական նիստում, այսօր գործով միակ ամբաստանյալ Տարոն Գալուստովը մեղադրանքի վերաբերյալ առայժմ դժվարացավ դիրքորոշում հայտնել՝ հայտարարելով, որ դրան կանդրադառնա հետագայում՝ իր ցուցմունքում:
«Փաստինֆո»–ն գրում է, որ ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի՝ Տարոն Գալուստովը 2014թ. հոկտեմբերի 11-ին՝ 01.00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայի մեջ ատրճանակով պարտքուպահանջային խնդիր ունենալու պատճառով սպանել է Լևոն Բունիաթյանին՝ կրակելով վերջինիս գլխի հատվածի ձախ քունքային շրջանին: Ապա դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխվել է գնացքի գծերի մոտ, որտեղ ամբաստանյալը մեկ ստուգողական կրակոց է արձակել սպանվածի ծոծրակին, և այնտեղ թողնելով դիակը՝ հեռացել:
Մեղադրողի առաջարկած հերթականությամբ նախ հարցաքննվեց վկան, ով առավոտյան ժամը 07.40-ի սահմաններում առաջինն է հայտնաբերել տղամարդու դիակը՝ բերանքսիվայր ընկած վիճակում, արյունոտված, չի մոտեցել դիակին. խիղճը չի տարել:
Մոտակա զորամասի զինծառայող վկան ծառայության ներկայանալիս նկատել է հավաքված բանվորներին՝ գնացքի գծերի մոտ՝ գլուխն ուղղված դեպի երկաթգիծը, տղամարդու դի էր ընկած: Հենց այս վկան էր զանգահարել ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին: Ըստ վկայի՝ ինքը հետագայում իմացել է, որ դեպքի վայրում փամփուշտ է հայտնաբերվել: Պաշտպանական կողմի հարցին, թե վնասվածք տեսե՞լ է, վկան պատասխանեց, որ չի մոտեցել դիակին, սակայն նշեց, որ սպանվածի գլխին կապյուշոն էր գցած:
Սպանության դեպքի վայր դարձած տաքսու վարորդի մայրը հայտնեց, որ դեպքի օրը որդին այդպես էլ չի եկել հոր ծննդյան խնջույքին, առավոտյան նրա կնոջից իմացել է, որ որդին շատ ուշ է եկել տուն, «ձեռքը դրել էր գլխին ու խռռում էր»:
Հետագայում մայրը որդուց իմացել է, որ որդու վարած տաքսի ավտոմեքենայում մարդ է սպանվել. հետևի նստատեղին նստած ուղևորը կրակել է վարորդի կողքի նստատեղին նստածի վրա: Սկզբից որդին միայն գմփոց է լսել, մտածել է՝ անիվը պայթեց, հետո հասկացել, որ տեղի է ունեցել սպանություն: Տաքսու վարորդը շատ վախեցած է եղել, սակայն սպանողը հավաստիացրել է. «Ես քեզ չեմ խփի, կարող ես գնալ հանձնվել, քշի՛ր գծերի մոտ»:
Որդուն մեկ-երկու օր պահել են ոստիկանությունում՝ ասելով՝ մինչև սպանողը չհայտնվի, բաց չենք թողնի, ապա սպանողի հայտնվելուց հետո որդուն բաց են թողել:
Տաքսիստի մայրը հայտնեց, որ որդին ուղեվարձ չի վերցրել, սպանողը ժամացույց է թողել։ «Ինչի՞ համար» հարցին վկան պատասխանել է՝ «հենց այնպես, որպես հուշ»:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը