Քաղաքական

17.06.2015 14:59


Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար

Լևոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Հունիսի 17-ին Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարարություն և բանակի հրամանատարական կազմին ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Մնացականյանին:
Բ.Սահակյանը երախտագիտություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանին իրականացված ծավալուն աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրա հրամանատարության տարիներին պաշտպանության բանակի մարտունակությունը հասել է նոր մակարդակի, լուծում է տրվել բազմաթիվ խնդիրների:
Բակո Սահակյանը վստահությամբ նշել է, որ Մովսես Հակոբյանը կշարունակի իր հարուստ փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նոր պատասխանատու պաշտոնում:
Խոսելով նորանշանակ նախարարի մասին` երկրի ղեկավարը նշել է, որ Լևոն Մնացականյանը հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն և հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, ով լավագույնս է դրսեւորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում:
Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը համոզմունք է հայտնել, որ Լևոն Մնացականյանը նույն եռանդով կաշխատի նաև որպես պաշտպանության նախարար ու պաշտպանության բանակի հրամանատար՝ իր ողջ կարողություններն ուղղելով բանակի զորացման եւ դրա մարտունակության շարունակական բարձրացմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը