Աշխարհ

17.06.2015 07:33


Եթովպիայում գտնվել է «քնած գեղեցկուհու»՝ գանձերով լի գերեզմանը (լուսանկար)

Եթովպիայում գտնվել է «քնած գեղեցկուհու»՝ գանձերով լի գերեզմանը (լուսանկար)

Հյուսիսային Եթովպիայում վեցշաբաթյա պեղումների արդյունքում բրիտանացի հնագետների խումբը հայտնաբերել և հետազոտել է 11 գերեզման և բազմաթիվ արտեֆակտներ, որոնք թվագրվում են մ. թ. I–II դարերով։

Հեռարշավախմբի ղեկավար Լուիզա Շոֆիլդի խոսքերով՝ գտածոներն արտասովոր են, և ո՛չ ինքը, ո՛չ իր գործընկերները չեն մտածել, որ նման ծավալի բացահայտումներ կանեն։

Ինչպես գրում է «moya-planeta»–ն՝ «The Headlines and Global News»–ին հղումով, պեղումներն ընթացել են հինեթովպիական Աքսում պետության տարածքում, որը գոյություն է ունեցել II–XI դդ.։ Գտնված զարդերը, որոնց մեծ մասը հռոմեական ծագում ունի, հողի տակ են մնացել մոտ 2 հազ տարի։

Հնագետներին ամենից շատ զարմացրել է թաղված կանանցից մեկը, որին նրանք անվանել են «քնած գեղեցկուհի»։ Վերջինի մարմնի դիրքը և նրա մոտ գտնված իրերը, գիտնականների կարծիքով, վկայում են, որ հանգուցյալը բավական գեղեցիկ է եղել, և շատ սիրված։

«Նա պառկած էր կողքի՝ բրոնզե մատանիով զարդարված ձեռքը կզակին։ Աղջիկը թաղվել է այն դիրքով, ասես դեռ նայում է բրոնզե հայելու մեջ»,–ասել է հնագետը։

«Քնած գեղեցկուհին» նաև մանյակ է կրել՝ զարդարված հազարավոր մանր ուլունքներով, և մարգարտե գոտի։ Կնոջ աճյունի մոտ հնագետները հնագույն կոսմետիկա են հայտնաբերել։ Շիրմից գտնվել են նաև կավե սափոր և հռոմեական ապակե անոթներ՝ երկու լավ պահպանված խմելու բաժակ և մեռյալների արցունքները հավաքելու սրվակ։ Մոտ ժամանակներս գիտնականները մտադիր են ստուգել այդ վարկածը՝ կատարելով սրվակի պարունակության քիմիական վերլուծություն։

Հնագետները նշել են, որ «քնած գեղեցկուհին» և նրա գերեզմանը լավ են պահպանվել շնորհիվ բնական ծածկի, որը գոյացրել է շիրմի վրա կախված ժայռը։

Մոտակա գերեզմաններում թաղվածների մեծ մասն, ըստ գիտնականների, մարտի դաշտում ընկած ռազմիկներ են, որոնցից յուրաքանչյուրը երկաթե խոշոր ապարանջան է կրել։

Գտածոներն օգնել են գիտնականներին կարևոր բացահայտում անել՝ Եթովպիայի բնակիչներն առևտրային կապեր են ունեցել Հռոմեական կայսրության հետ մի քանի 100–ամյակ ավելի առաջ, քան կարծում էին գիտնականները։ Առևտուր է ընթացել ոչ միայն V–VI դդ., այլև նաև I–II դդ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը