Տնտեսական

16.06.2015 13:45


Կառավարության նոր որոշումից ոսկու առևտրով զբաղվողները դժգոհ են

Կառավարության նոր որոշումից ոսկու առևտրով զբաղվողները դժգոհ են

Ինչպես հայտնել էինք, ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինվել է արտոնագրային վճարով։

Նաև առաջարկվում է վճարի չափը սահմանել առավելագույնը 35 հազ դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազ դր, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ:

Կառավարության այս որոշումից, սակայն, ոսկու առևտրով զբաղվողները դժգոհ են։ Այսօր հրավիրված ասուլիսում նրանք պնդել են, որ այն է՛լ ավելի կբարդացնի առկա վիճակը։

Մասնավորապես, «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության» նախագահ Ստեփան Ասլանյանը հերքել է էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի խոսքերը, թե այս օրինագիծը քննարկվել է ՓՄՁ-ների հետ, և նրանց մեծամասնությունը կողմ է եղել։

–Սեփական օրենքը բերեց, ժողովրդի վզին փաթաթեց, ասեց, թե համաձայն ենք։ 35 հազարը ոսկու առևտրով զբաղվողների համար մեծ գումար է։ Բոլորի վիճակը վատ է, առևտուր չկա, հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում,–ասել է Ս. Ասլանյանը՝ հավելելով, որ կողմ են առանց փաստաթղթավորման շրջանառության ծավալի 1% հարկ վճարելուն։

Անհատ ձեռներեց Արթուր Պողոսյանն էլ հավելել է, որ ոսկու շուկաներում օրական ամենաշատը մեկ կամ երկու զարդ է վաճառվում։

–Կոլապսային վիճակ է. մարդիկ մտածում են ոչ թե եկամտի մասին, այլ օրվա հացի գումարի մասին։ Վարկեր են վերցրել, չգիտեն, թե ոնց փակեն,-հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը