Լրահոս

11.06.2015 21:29


Երևանին մատակարարվող ջրաքանակն ավելացել է

Երևանին մատակարարվող ջրաքանակն ավելացել է

Ամառը միշտ էլ հանդիսացել է ջրամատակարարման առումով «պիկ», հետեւաբար՝ ամենալարված ժամանակաշրջանը «Երևան Ջուր» ընկերության համար: Սովորաբար հունիսից մինչեւ սեպտեմբերի կեսը մոտ 15 տոկոսով ավելանում է ջրի սպառումը, ցավոք, նաեւ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու հետ կապված:

Այս առումով ընթացիկ տարին բացառություն չկազմեց: Մայիսի վերջին անձրեւների դադարելուն պես շոգերը «վրա տվին», որով պայմանավորված կտրուկ ավելացավ ջրի պահանջարկը ընկերության սպասարկման տարածքում եւ որոշակիորեն խախտվեց ջրի հաշվեկշիռը համակարգում: Դա, բնականաբար, սպառողների դժգոհությունների առիթ դարձավ: Դրան նպաստեց նաեւ վթարը Կաթնաղբյուրի սանիտարական գոտու խորքային պոմպերը սնուցող էլեկտրական ենթակայանում, որի հետեւանքով զգալիորեն՝ վայրկյանում մոտ 350 լիտրով նվազեց Երեւանին մատակարարվող ջրի ծավալը:

Խնդրի լուծման նպատակով ձեռնարկվեցին համապատասխան քայլեր, առաջին հերթին առաջացած լարվածությունը մեղմելու համար: Նախ՝ վերագործարկվեց Շորշորի ջրաղբյուրի պոմպակայանը, որը վերջին տարիներին համակարգում ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ վերածվել է պահուստայինի եւ միայն արտակարգ իրավիճակներում կամ ամռանն է աշխատում, այն էլ մասամբ: Ներկայումս այնտեղից ստացվում է վայրկյանում մոտ 400 լիտր ջուր: Այնուհետ, նշված վթարով պայմանավորված, բառացիորեն երկու օրվա ընթացքում վերաբաշխվեցին առկա ջրային ռեսուրսները Կաթնաղբյուրից սնուցվող շրջաններում կայուն ջրամատակարարում ապահովելու համար: Իսկ օրերս վերագործարկվեց նաեւ Արարատյան ջրաղբյուրի պոմպակայանը, որը նույնպես պահուստային է: Աշխատում է մեկ պոմպ, այն էլ գիշերային ժամերին, երբ էլեկտրաէներգիայի սակագինը ցածր է: Այնտեղից ստացվող լրացուցիչ 300 լ/վ ջուրն ուղղվում է Խարբերդի օրվա կարգավորիչ ջրամբար եւ խառնվելով Գառնու ու Արզականի ջրերի հետ տրվում է Շենգավիթի, էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի սպառողներին: Այս ամենի շնորհիվ Երեւանը ստացավ խմելու ջրի անհրաժեշտ քանակությունը:

Միաժամանակ, աշխատանքներ տարվեցին ներքաղաքային ցանցի կարգավորման նպատակով: Մայրաքաղաքում խմելու ջրի վերաբաշխումը դժվարին ու ժամանակ պահանջող գործընթաց է: Խոսքը մոտ 3000 կմ տարբեր ջրագծերի, 27 խումբ ջրամբարների, հարյուրավոր ջրաբաշխիչ հորերի, պոմպակայանների, շատ այլ կառույցներից բաղկացած համակարգի աշխատանքի վերակառուցման մասին է: Գումարած՝ ընթացիկ վերանորոգման, շինարարական, ջրամբարների լվացման, բազմապիսի այլ աշխատանքները, որոնք անհրաժեշտ է մշտապես համակարգել՝ բաշխիչ ցանցը կառավարելի վիճակում պահելու եւ նախատեսված ծրագրերն իրականացնելու համար:

Հենց դա էր պատճառը, որ ընկերության շահագործման ու տեխնիկական ծառայությունների կողմից պահանջվեց եւս մի քանի օրվա լարված աշխատանք՝ խնդրի վերջնական լուծման համար: Արդյունքում՝ Երեւանն անցավ ջրամատակարարման ամառային ռեժիմի:

Երեւան Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը