Տնտեսական

09.06.2015 11:39


ԿԲ մեկնաբանությունները մայիս ամսվա գնաճի ցուցանիշի վերաբերյալ

ԿԲ մեկնաբանությունները մայիս ամսվա գնաճի ցուցանիշի վերաբերյալ
Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական վիճակագրության, 2015 թ-ի մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը, ինչպես և նախանշվել էր ՀՀ ԿԲ 2015 թ-ի երկրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրում, գտնվել է նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ ամսվա վերջին կազմելով 5.1%: Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և առաջարկի ավելացման գործոնների ներքո շարունակվել են գնանկումային միտումները, որոնք արտացոլվել են մի շարք ներմուծված պարենային ապրանքների գների (շաքարավազ, կենդանական և բուսական յուղեր) նվազող վարքագծում: Ներքին տնտեսությունում շարունակվել են գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները՝ հանգեցնելով գյուղատնտեսական (հիմնականում՝ բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի) ապրանքների գների նվազմանը: Արդյունքում, պարենային ապրանքների գները ամսվա ընթացքում նվազել են 1.2%-ով: Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները էականորեն չեն փոխվել՝ արտացոլելով տարեվերջին փոխարժեքի արժեզրկման ազդեցության մարումը:
Արդյունքում, փաստացի գնաճային զարգացումները վկայում են, որ գնաճը գտնվում է ՀՀ ԿԲ կանխատեսումների շրջանակներում, որի ներքո այն 2015թ-ի ընթացքում կպահպանվի նպատակային ցուցանիշի 4%+/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ աստիճանաբար կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը