Լրահոս

08.06.2015 11:43


Հարկադիր կատարողն անցել է պաշտոնեական լիազորությունները

Հարկադիր կատարողն անցել է պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Երևանի քաղաքային բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Արմեն Մակյանը 2011 թվականի մայիսի 23-ին հարուցել է կատարողական վարույթ և նույն օրը որոշում է կայացրել պարտապան՝ ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին:

Այնուհետև ավագ հարկադիր կատարողը կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում է կայացրել: Դրանից շուրջ 5 ամիս անց Ա. Մակյանը, առանց կատարողական վարույթը վերսկսելու և խախտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1 հոդվածի 1-ին մասով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ գույքն արգելանքից հանելու հատուկ պայմանների առկայության պահանջը, կայացրել է պարտապան ՍՊ ընկերության գույքի վրա դատարանի որոշման և կատարողական թերթի հիման վրա դրված արգելանքը վերացնելու մասին անօրինական որոշում, որի հետևանքով փաստացի վերացվել է դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցն ու հնարավոր է դարձել ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի օտարումը:

Ավագ հարկադիր կատարողի հիշյալ որոշումից մեկ ամիս անց առուվաճառքի պայմանագրով ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքն օտարվել է երրորդ անձի, որի հետևանքով գործով հայցվորը զրկվել է հայցի ապահովման միջոցի հաշվին իր պահանջի բավարարումը ստանալու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Ա. Մակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Արմեն Մակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը