Լրահոս

06.06.2015 14:11


Ողբերգական ավտովթարի պատճառը փորսո՞ւղն է (լուսանկարներ)

Ողբերգական ավտովթարի պատճառը փորսո՞ւղն է (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2015 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ընթանալով դեպի Ստեփանավան քաղաք, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառին և այրվել, որի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող բոլոր 7 անձինք մահացել են։

Վթարի հետևանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը:

Դեպքի վայրում՝ չհասած այրված ավտոմեքենային, շուրջ 87 մետր դեպի Տաշիր, ճանապարհի կենտրոնական մասում հայտնաբերվել է սատկած գորշուկ/փորսուղ/:

Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Լոռու մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու վթարի պատճառները, կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակի զննություններ, նշանակվել փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտե


Այս խորագրի վերջին նյութերը