Նոր միջադեպ ռազմական ինստիտուտում. կուրսանտները վիճաբանել, ծեծել են միմյանց
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի երկու կուրսանտ հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները՝ զինծառայողները վիճաբանել ու ծեծի են ենթարկել միմյանց: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։
Ըստ մեղադրանքի՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, 2015 թվականի մարտի 6-ին՝ վաղ առավոտյան, զորամասի ննջարանում սանիտարական միջոցառումներ կատարելու կապակցությամբ վիճաբանել է համածառայող շարքայինի հետ և ծեծել նրան՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Մեղադրանք է առաջադրվել նաև ծեծկռտուքի մյուս մասնակցին՝ 20-ամյա կուրսանտ շարքայինին, ով զորամասի ննջարանում ոտքերը մահճակալին դնելու կապակցությամբ վիճաբանել է համածառայակցի հետ և ծեծել նրան՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Սակայն կուրսանտների միջև վիճաբանությունն այսքանով չի ավարտվել. դեպքի հաջորդ օրը կրկին շարքայինը ծեծել և բռնություն է գործադրել ծառայակցի նկատմամբ՝ այս անգամ նրան պատճառելով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Նոր միջադեպ ռազմական ինստիտուտում. կուրսանտները վիճաբանել, ծեծել են միմյանց