Լրահոս

06.06.2015 12:06


Հիվանդանոց տեղափոխված բոլոր 25 անձինք թութ էին կերել

Հիվանդանոց տեղափոխված բոլոր 25 անձինք թութ էին կերել

Հունիսի 5-ի՝ լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 6-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ՝ դիմել է 25 անձ, որից 7-ը՝ 4-ից 14 տարեկան երեխա:

Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, մի մասի մոտ՝ ջերմություն:

Հիվանդներից 6-ը, որից մեկը՝ երեխա, ստացել են առաջնային բուժօգնություն և տուն ուղարկվել, իսկ 19-ը հոսպիտալացվել է: Նրանցից 12-ի վիճակը գնահատվում է թեթև, 7-ի վիճակը՝ միջին ծանրության:

Դեպքերի առաջացման պատճառը պարզաբանելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որոնք զուգորդվում են լաբորատոր հետազոտություններով:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ բոլոր հիվանդները կերել են թութ՝ գնված իրենց գյուղից այդ օրը՝ ժ. 16.00-ի մոտակայքում, միրգ վաճառող նույն անձից:

Հիվանդների վիճակն այժմ բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Իրականացվում են բակային համայցեր հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով:

Աշխատանքները տարվում են շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ:

Այս խորագրի վերջին նյութերը