Լրահոս

05.06.2015 16:13


ՀՀ–ում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է

ՀՀ–ում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է

Վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում է նկատվում: Վրաստանում դեռևս 2013 թվականին սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է նաև այս օրերին: 2014թ. դեկտեմբերից կարմրուկի բռնկում է գրանցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել նաև Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում:

Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ տեղական դեպքեր չեն արձանագրվում, սակայն 2013-2014 թվականներին գրանցվել է այլ երկրներից բերված 10-13 դեպք: Բերովի դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք կապված են զբոսաշրջության հետ և գրանցվում են հիմնականում դրա աշխուժացման ժամանակահատվածում՝ մայիս-օգոստոս ամիսներին:

Տարիների ընթացքում բնակչության որոշակի խմբերում պատվաստումներ չստացած անձանց կուտակումը նպաստավոր պայմաններ է ստեղծում կարմրուկի վիրուսի շրջանառության համար, ինչի արդյունքում հեշտությամբ թիրախ գտնելով արագ տարածվում է՝ վտանգելով նաև մեկ դեղաչափ պատվաստում ունեցողներին:

2015 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետությունում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի` լաբորատոր հետազոտությամբ հաստատված 5 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հիվանդ անձանց հետ: Դեպքերից 3-ը 2-7 տարեկան երեխաներ են, իսկ մյուս 2-ը՝ մեծահասակ (24 և 38 տարեկան): Հիվանդները կարմրուկի դեմ կամ ընդհանրապես պատվաստումներ չունեն, կամ էլ՝ թերի են պատվաստված:

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վարակիչ և բարձր կոնտագիոզ (հպավարանցիկ) հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային մեխանիզմով: Գաղտնի շրջանը տևում է մինչև 21 օր, միջինը՝ 7-18 օր: Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով (քթի լորձաթաղանթի բորբոքում), կոկորդի ցավով, կոնյուկտիվիտով (աչքերի եղջրաթաղանթի բորբոքում), հետո միանում է ցանը: Կարմրուկի բարդություններից են թոքաբորբը, ուղեղի այտուցը, էնցեֆալիտը:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումը կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցն է:

Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ համակցված ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պատվաստում՝ 12 ամսականում և 6 տարեկանում: Միայն ժամանակին և լիարժեք պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և հանարապետությունում կարմրուկի վիրուսի հետագա տարածումը:

Հիշեք, կարմրուկի դեմ կայուն և լիարժեք պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է առնվազն երկու դեղաչափ պատվաստում:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է. եթե Ձեր երեխան կարմրուկի դեմ պատվաստված չէ կամ թերի է պատվաստված, դիմեք Ձեզ սպասարկող պոլիկլինիկա կամ ամբուլատորիա։ Պատվաստումը, հատկապես շրջագայությունից առաջ, Ձեր և երեխայի առողջության պահպանման, բարդություններից խուսափելու և բռնկումները կանխելու միակ անվտանգ և արդյունավետ միջոցն է:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը