Աշխարհ

05.06.2015 21:22


Սաքսոնիայում հայտնաբերել են Հիտլերի խմիչքների ստորգետնյա թաքստոցը

Սաքսոնիայում հայտնաբերել են Հիտլերի խմիչքների ստորգետնյա թաքստոցը

Գերմանական Սաքսոնիայում գաղտնի պահեստարան են հայտնաբերել, որտեղ ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերն էլիտար խմիչք էր թաքցնում։ Թաքստոցը ստեղծվել է 1944թ., սակայն գտնվել է միայն այժմ։

«1944 թ. վերջին գերմանական բանակը նահանջում էր, իսկ երկիրը քաղցած էր։ Այդ ժամանակ Հիտլերը մթերել է իր ալկոհոլը»,–գրում է գերմանական «The Local» պարբերականը։

Թաքստոցը հայտնաբերել է ճաշարանատեր Սիլվիո Շտելցերը։ Վերջինը գերմանական թագավորական ընտանիքի հնագույն նստավայրից՝ Մորիցբուրգ ամրոցից ոչ հեռու վիլլա է գնել։ Վերանորոգման ժամանակ էլ Շտելցերը հայտնաբերել է շամպայնի և կոնյակի պահուստները, որոնք թաքցված են եղել գետնի տակ։

Գտածոն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հիտլերը շեղված էր դիետաներով։ Համարվում է, որ նա բուսակեր է եղել, չի խմել ոգելից խմիչքներ և չի ծխել։

Ոչ հեռու անցյալում, սակայն, ֆյուրերի նախկին աղախինը պատմել է, որ Հիտլերը որոշ թուլություններ ուներ։ Սպասուհու խոսքերով՝ գիշերները նա ծածուկ մտնում էր խոհանոց ու քաղցրավենիք ուտում։ Այնպես որ, չի բացառվում, որ Հիտլերը որոշակի ազատություններ թույլ տված լինի իրեն նաև ակլոհոլի առումով։ Հնարավոր է նաև, որ նա թաքցրել է խմիչքն իր մոտալուտ շրջափակման համար։

Պարզվել է՝ 1944–ին Հիտլերը պայմանավորվել է ամրոցի տիրոջ՝ արքայազն Էռնստ Հենրիխ Սաքսոնսկու հետ խմիչքի իր պահուստները նրա կալվածքում թաքցնելու համար։ Փոխարենը՝ Հիտլերն արքայազնին է տվել իր պաշարների մի մասը։

Բացի ոգելից խմիչքներից՝ թաքստոցում են եղել նաև երշիկ, պանիր, սուրճ, շոկոլադ և ծխախոտ։ Մթերքները գաղտնարանում, բնականաբար, արդեն չկան։ Վիլլայի նոր տերը դեռ չգիտի՝ ինչ անել ոգելից խմիչքի հետ։ Հավանաբար, ալկոհոլը կվաճառեն աճուրդում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը