Խմբագրական

05.06.2015 00:50


Կարկառուն և ոչ կարկառուն քաղաքական գործիչները

Կարկառուն և ոչ կարկառուն քաղաքական գործիչները

Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի համատեղ ֆոտոն, որն արվել էր «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողության ժամանակ, փոթորկել է քաղաքականապես ակտիվ զանգվածների հոգին (հանրության լայն շրջանակներն արդեն իմունիտետ ունեն և չեն ազդվում այդպիսի նկարներից)։

Գեղամյանական բանաձևն՝ ընդդեմ Ծառուկյանի

Ֆոտոյին այդ, իրոք, տհաճ էր նայելը։ Դեռ մի կողմ դնենք քաղաքական պահը։ Զուտ մարդկայնորեն էր տհաճ, քանի որ գիտես, թե ինչ են մտածում ֆոտոյի հերոսներն իրար մասին։

Այդ նկարից, ի դեպ, «մինուս» է ստացել ոչ միայն Ծառուկյանը, բայց դե, Արտաշես Գեղամյանի բոլոր գրքերի շնորհանդեսներին մասնակցողի համար նման կոմպլեքսներ չկան (տեղին է հիշեցնելը, որ Գեղամյանն այն գործիչն էր, ով իր ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարում էր, թե ով կանգնի Սարգսյանի կողքին՝ անմիջապես կվարկաբեկվի)։

Նկատենք, որ արտառոց բան տեղի չի ունեցել։ Ավելի ճիշտ՝ տեղի ունեցել է, բայց ոչ թե երկու օր առաջ, այլ փետրվարին։ Հիմա մենք ականատեսն ենք հետփետրվարյան կանխատեսելի իրադարձությունների։

Գագիկ Ծառուկյանը խնդրել էր ըմբռնումով մոտենալ իր հետքայլի որոշմանը։ Ընդունվե՞լ է այդ խնդրանքը հանրության կողմից, թե՞ ոչ, արդեն երկրորդական հարց է։ Մարդկանց մի հսկայական հատված փոփոխության հույս ուներ, և այդ հույսը Ծառուկյանի մասով վերացավ։ Սա՛ է գլխավոր խնդիրը։

Այն, որ հետքայլի որոշումը սխալ է, տարբեր մարդկանց կողմից անձամբ Ծառուկյանին ասվել է դեռ այն օրերին։ Նաև մատչելի ձևով վերլուծվել է, որ ոչ մի արյուն էլ չի թափվի, քանզի իշխանությունը դրա ռեսուրսը չունի. այնքան մարդ էր հավաքվելու փետրվարի 20–ին, որ Բաղրամյան 26–ում եթե ուզենային էլ Քադաֆի դառնալ, ու օդուժը հանել ժողովրդի դեմ, ապա, միևնույն է, չէր ստացվելու, որովհետև հրամանները չէին կատարվելու, քանզի շարքային կատարողները ոչ պակաս են զզված այս վիճակից, և բացի այդ՝ հսկայական զանգվածները փողոցում լրջորեն կազդեին ուժերի բալանսի վրա, ու «պերեբեժչիկների» պակաս չէր զգացվի։ Ինչևէ։

Ծառուկյանին նաև զգուշացվել է, որ նահանջը շատ ավելի վատ հետևանք է ունենալու անձամբ իր համար, քան անգամ պայքարով պարտության դեպքում կարող է լինել։ Նահանջը ոչ թե դիրքային պարտություն էր լինելու, այլ կապիտուլյացիա։ Եվ այդպես էլ եղավ։

Պարզ է, որ եթե կորցնում ես հանրային լեգիտիմությունդ, ապա դրանից հետո սկսվում է նվաստացման փուլը, ինչին էլ ամենայն հավանականությամբ հաջորդելու է կուլակաթափության գործընթացը։

Այս ամենն ասվել էր, և ասողների խիղճը մաքուր է։

Ծառուկյանը շատ լավ հասկանում էր գլխի գալիքը, բայց, այնուամենայնիվ, հետ քաշվեց։

Հիմա Գագիկ Ծառուկյանը պատանդի կարգավիճակ ունի։ Նա «քաշվել» է։ Իսկ Հայաստանում «քաշվելուց» «քաշվում» են մինչև վերջ։ Մինչդեռ, ամեն ինչ կարող էր լրիվ այլ կերպ ընթանալ, եթե չլինեին թիկունքից հարվածները, չլինեին մի շարք սուբյեկտիվ գործոնները, այդ թվում՝ Ծառուկյանի անվճռականությունը։

Բայց դե, եղածը եղած է։

Ֆոտո հանդերձյալ աշխարհից

Վերադառնալով Սարգսյան–Ծառուկյան համատեղ ֆոտոյին՝ պետք է նկատել, որ առնվազն անմեղսունակություն է քննադատության թիրախ դարձնել մեկին, ում հակասահմանադրական ճանապարհով հեռացրել են քաղաքական ասպարեզից, ու հիմա օգտագործում են այնպես, ինչպես կամենում են։

Ծառուկյանին հայհոյողները լավ կանեն, եթե մտահոգվեն այն բանով, որ կուսակցական ժողովում որոշում է կայացվում, թե ով պետք է զբաղվի քաղաքականությամբ, ով՝ ոչ։ Թե չէ, Ծառուկյանի վրա քարեր շպրտելն ամենահեշտ գործն է։

Եթե կարկառուն քաղաքական գործիչներին, նրանց թիմակիցներին ու ֆեյսբուքային հեղափոխականներին հունից հանել է այն բանը, որ ամիսներ առաջ իրար քննադատող (մեղմ ասած) սուբյեկտներն իրար կողք կանգնած ժպտում են, ապա պետք է այդ դեպքում ընտրովի չլինի նրանց վրդովմունքը։

Փետրվարյան դեպքերից հետո կիսատ մնացած ասելիք կա, և քանի որ հիմա առիթ է ստեղծվել, արժե մի քանի բան իրենց անուններով կոչել։

Ոչ կարկառուն գործիչն ու թթվի քարերը

Ծառուկյանը հայտարարեց, որ խնդիր է դրել հեռացնել Սերժ Սարգսյանին, ու դրա համար համապետական հանրահավաք է հրավիրում։ Երբ նա նահանջեց իր այդ որոշումից, դրանից հետո ընդունեց, որ պարտվել է, հրաժեշտ տվեց ԲՀԿ նախագահի «պոստին», ինչպես նաև հայտարարեց, որ քաղաքական գործընթացներին այլևս չի մասնակցելու։

Մարզական լեզվով ասած՝ Ծառուկյանը քաշ պատվիրեց, հետո չկարողացավ բարձրացնել ծանրաձողն ու դրանից հետո հեռացավ ինչպես այդ մրցումներից, այնպես էլ սպորտից, քանզի դա է պահանջում մարդկային ազնվությունը։ Ասել է թե՝ ոչ կարկառուն քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանն արեց այն, ինչ վերջին 25 տարվա մեջ չի արել ոչ մի կարկառուն քաղաքական գործիչ։

Մեր կարկառուններն անընդհատ հայտարարում են իրենց նպատակների մասին, խոստանում են սարեր, պարտվում են, սակայն թթվի քարի պես մնում են քաղաքական դաշտում։ Մենք չենք տեսնում նրանց հրաժարականները։ Չենք տեսնում նրանց ներողությունն այն բանի համար, որ խոստացան, ու չկատարեցին։

Մեր կարկառունները տանից դուրս են եկել, մտել են քաղաքական դաշտ ու այլևս չեն ուզում վերադառնալ տուն, քանզի քաղաքականությամբ զբաղվելը դարձել է տուն պահելու կոմերցիոն միջոց։

Խրոնիկ պարտվածների համար իրենց խոսքն արժեք չունի։ Դրա համար էլ մնում են ու սպասում, թե ինչ նոր խաղ կբացվի, որ իրենք մի բան փախցնեն։

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որոնք հնչում են Ծառուկյանի հասցեին Սարգսյանի հետ նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում հայտնվելուց հետո, ապա մենք նրան քաղաքական առումով պաշտպանելու ցանկություն չունենք։ Մանավանդ որ, էմոցիոնալ առումով, քննադատողների հետ համակարծիք ենք։ Բայց այստեղ կա երևույթի մարդկային կողմը (մարդկային փոխհարաբերությունների դաշտում Ծառուկյանի հետ որևէ խնդիր չունենք), ու կա նաև մի մեծ «Բայց», և արժե առանձնացնել կոտլետները ճանճերից։

Ովքե՞ր են դատավորները

Ծառուկյանին քննադատողներին կամ նրանից նեղացողներին կարելի է բաժանել երկու խմբի՝ անկեղծներ և «դհոլներ»։

Անկեղծ քննադատողներին բան չունենք ասելու. նրանցից շատերը մինչև փետրվար ամիսն ամեն ինչ արել էին հաղթանակի համար և հիմա խոր հիասթափություն են ապրում։

Այլ է «դհոլների» պարագան։ Սրանք մինչև Ծառուկյանի հարկադիր հեռացումը հաստիքացուցակով հակածառուկյանական էին ու ամեն ինչ անում էին, որ հանկարծ Սարգսյանի աթոռին բան չպատահի։ Հիմա, տեսեք–տեսեք, վատ են զգացել, որ չարիքի իշխանության դեմ պայքարի ելած Ծառուկյանը ժպտադեմ կանգնում է Սարգսյանի կողքին։

Բա եթե այդքան բարձր եք գնահատում մարդկային արժանապատվությունն ու թասիբը, ապա ինչո՞ւ ծանր չտարաք ու ծպտուն չհանեցիք այն ժամանակ, երբ, օրինակ, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով նույնպես ինչ ասես՝ ասել ու արել էր Սարգսյանի դեմ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ով նույն Սարգսյանի կողմից ենթարկվեց հալածանքների ու կորցրեց «Բջնին», ով ստիպված էր արտերկրում թաքնվել սարգսյանական վարչակազմից, գնաց ու հանդիպեց Սարգսյանի հետ փետրվարյան բուռն շրջանում։ Հանդիպեց ու դեռ մի բան էլ ակտիվորեն տարածում էր այդ լուրը։

Ի դեպ, 2011թ. կրակել էին Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդոյի ոտքին, ինչպես նաև վնասել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետի եղբորը։ Այդ պատմության մեջ հոլովվում էր Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկի որդու անունը։ Կրակոցներից մի քանի օր անց Սուքիասյանների ընտանիքի մյուս ներկայացուցիչ, «Հայէկոնոմ» բանկի կառավարիչ Սարիբեկ Սուքիասյանին մենք տեսանք Սերժ Սարգսյան–գործարարներ ամանորյա հանդիպմանը։

Դե, եթե Ծառուկյանի արածը արած չէ, ու արժանի է քննադատության, ապա ինչո՞ւ է խնայվում Սուքիասյանը, ով, ի դեպ, թունդ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի փաստացի կուռատորն է։

Նիկոլի թերթն անարգանքի սյունին է գամում Ծառուկյանին, որ նա իր խոսքերից հետո գնում ու կանգնում է Սարգսյանի կողքին, բայց նույն թերթը «մոռանում» է, որ իր սիրելի Խաչատուր Սուքիասյանը շատ ավելի լուրջ կոնֆլիկտի մեջ մտած լինելով Սարգսյանի հետ նախագահական ընտրությունների ժամանակ՝ դարձել է իշխանամետ, հաճույքով հանդիպում է Սարգսյանին, ու պաշտոն է ակնկալում Բաղրամյան 26–ից, այն էլ՝ 2008թ. մարտի 1–ի դեպքերի համապատկերին։

Ծառուկյանի պարագայում զոհեր չունենք, ու արյուն չկա։ Իսկ ահա Սուքիասյանը եղել է մի թիմում, որի դեմ պայքարի ժամանակ իշխանությունները 10 զոհի պատճառ դարձան։ Դե, հիմա ասեք, թե բարոյական ո՞ր հարթության վրա դնենք այս ամենը։

Հետաքրքրական է, որ Ծառուկյանի ֆոտոյից «գրգռվել» են նաև «Եղիազար Այնթապցին և էջմիածնական միաբանները» տեսության որոշ հետևորդներ. ինչ–որ ստատուսներ են գրում ֆեյսբուքներում կամ լայքեր տալիս հակածառուկյանական ստատուսներին։ Մինչդեռ, եթե փետրվարյան դեպքերի ժամանակ ի հայտ եկած հայտնի նամակին Սարգսյանն ընթացք տար ու բավարարեր հանդիպելու խնդրանք–առաջարկը, ապա մենք կտեսնեինք շատ ավելի վատ ֆոտո, քան տեսանք «Հայաստան» կինոթատրոնի բացման շրջանակներում։ Եվ դա՝ կրկին մարտի 1–ի դեպքերի համապատկերին։ Բա այդ դեպքում ի՞նչ էին անելու «թունդ սկզբունքային» դիրքերից այսօր Ծառուկյանին «փչացնողները»։

Սարգսյանը, սակայն, խնայեց նամակագրին ու մերժեց հանդիպելու խնդրանք–առաջարկը։

Այնպես որ, պատանդի կարգավիճակում հայտնված Ծառուկյանին քննադատելով՝ սաստիկ սկզբունքային երևալու և պետպատվերով գործունեություն ծավալելու ոմանց փորձերը պարզապես ծիծաղելի են։ ԲՀԿ նախկին առաջնորդի արածը, բնականաբար, քննադատելի է, բայց դատավորներն ովքե՞ր են։

Կարկառուն գործիչները, ֆեյսբուքյան սկզբունքայինները և կարկառունների թիմակիցներն ավելի լավ է՝ մտածեն, թե ինչու է այնպես ստացվել, որ հանրային լեգիտիմության անկում գրանցած Ծառուկյանն Աբովյանում շատ ավելի մարդաշատ հանրահավաք կարողանում կազմակերպել քաղաքապետի՝ հանրության լայն շրջանակների համար անհայտ մի թեկնածուի օգտին, քան դա կարող են անել բոլոր ընդդիմադիր ինքնահռչակված քաղաքական ուժերը՝ միասին վերցրած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը