Քաղաքական

04.06.2015 10:27


Գարեգին Չուգասզյանին թույլ չեն տվել մասնակցելու համաժողովին

Գարեգին Չուգասզյանին թույլ չեն տվել մասնակցելու համաժողովին

Ռեժիմը, հերթական անգամ բացահայտելով իր բանտապետական էությունը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանին թույլ չի տվել Ինտերնետի կառավարման ամենամյա «Եվրոդիգ 2015» համաեվրապական հեղինակավոր համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել Բուլղարիա և ներկայացնելու Հայաստանը:

Գ. Չուգասզյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստման վերաբերյալ շինծու քրեական գործով իր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չբացակայելու մասին ստորագրությունը, պատշաճ կերպով պահպանել է երևույթի ձևական-իրական առումը և հրավերն ստանալուն պես դիմել է այսպես կոչված իրավապահպան մարմիններին՝ հանրապետությունից բացակայելու թույլտվություն ստանալու համար:

Տասն օրվա ընթացքում «իրապահպան մարմիններից» հարցի լուծման վերաբերյալ պատասխան չի ստացվել, մինչդեռ նրանք պարտավոր են նման դեպքերում կամ բավարարել դիմումը կամ մերժել այն պատճառաբանված որոշմամբ: Բազմաթիվ նախադեպեր կան, երբ նշված խափանման միջոցի պայմաններում քաղաքացուն թույլատրվել է բացակայել հանրապետությունից:

Գ.Չուգասզյանին ելքի, իսկ դրանից առաջ՝ «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող Շանթ Ոսկերչյանին մուտքի, թույլտվություն չտալու դեպքերը ապացուցում են, որ Հայաստանում վերականգնվել և տխրահռչակ ստալինյան մեթոդներով, այն է՝ օրենքը արհամարհելով ու ոտնահարելով, կիրառվում են այսպես կոչված «սև ցուցակները»:

Միևնույն ժամանակ՝ հանցավոր ռեժիմը իրեն հայտնի հնամաշ մեթոդներով ներկայիս աշխարհում չի կարող արդյունքի հասնել: Գ.Չուգասզյանը համաժողովին կմասնակցի և Հայաստանը կներկայացնի ու զեկուցումով հանդես կգա հեռավար կապի միջոցով:

Գ.Չուգասզյանի նկատմամբ արգելքը և նման եղանակով նրա մասնակցությունը ևս մեկ անգամ ցույց կտան, որ հատկապես բարձր տեխնոլոգիաների դարում գաղափարական, տնտեսական և սոցիալական առումներով հետամնաց ու սնանկ բանտապետությունը ոչ միայն չի կարողանում արգելել կյանքի ընթացքը, այլև յուրաքանչյուր այսպիսի ջղաձգմամբ իր գոյության ռեսուրսը զրոյացնում է նաև արտաքին աշխարհում:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը