Լրահոս

02.06.2015 23:02


Նուբարաշենի խճուղում 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան

Նուբարաշենի խճուղում 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել  է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է շուրջ 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված 2 մեղադրյալների մասով նախաքննությունը։

2003 թվականի հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինաբար ձեռք բերած ինքնաձիգներով, սպանության դիտավորությամբ, Նուբարաշենի խճուղում կրակահերթ են արձակել տաքսի ծառայության՝ «31029» մակնիշի 65 ԼՕ 285 համարանիշի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։

Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը և Դավթաշենի բնակիչ Արկադի Սամվելի Գևորգյանը սպանվել են, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Սամվելի Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունիե բժշկական կենտրոն, որտեղ, բժշկական միջամտության շնորհիվ, հաջողվել է փրկել նրա կյանքը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, պատվիրատուն։

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու՝ Գևորգ Մանուկյանի և Գևորգյան եղբայրների լարված հարաբերությունների մասին, կազմակերպել է վերջիններիս սպանությունը։

Սպանությունը պատվիրվել է ՀՀ Արմավիրի մարզի բնակիչներ Կամսար Հակոբյանին, Անդրանիկ Երեմյանին և Առաքել Սարգսյանին:

Համաձայնելով իրականացնել Գևորգյան եղբայրների սպանությունը՝ ըստ նախաքննության նյութերի, Կ.Հակոբյանը, Ա.Երեմյանը և Ա.Սարգսյանը 2003 թվականի մայիս ամսվա սկզբներից մինչև հունիսի 25-ը բնակվել են հատուկ այդ նպատակով իրենց տրամադրված բնակարանում, հանցագործության կատարման ընթացքում օգտագործելու համար ստացել անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` բջջային հեռախոս, բջջային հեռախոսի չօգտագործված, գործարանային փաթեթավորմամբ հեռախոսահամարի կանխավճարային «Իզի»քարտ, «Մերսեդես Բենց-124» մակնիշի «B-1 300 V» հաշվառման համարանիշի ավտոմեքենա, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, հեռադիտակ, ինչպես նաև՝ Արկադի ու Արտյոմ Գևորգյան եղբայրների լուսանկարը:

Քննության տվյալներով՝ հունիսի 25-ին Գևորգյան եղբայրների՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց գնալու մասին Կ.Հակոբյանը և մյուս երկու անձինք տեղեկացել են Արթուր Սարգսյանից և զինվելով իրենց տրամադրված, հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74Ու» տեսակի 369450 համարի ինքնաձիգներով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով՝ 2003 թվականի հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղում։

Այնուհետև նշված «ԳԱԶ 31029ե մակնիշի ավտոմեքենայի, որի մեջ գտնվել են Գեւորգյան եղբայրները, տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին նրանք կրակահերթ են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գարեգին Հարությունյանը և Արկադի Գևորգյանն ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Արտյոմ Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրում թողնելով ինքնաձիգները, հեռադիտակը, ծածկոցները և բջջային հեռախոսը` «Մերսեդես-Բենց-124»մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, որը թողել են «Էրեբունիե բժշկական կենտրոնի մոտ և տաքսի ծառայության ավտոմեքենաներով հեռացել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեռեւս 2003 թվականին որոշումներ են կայացվել՝ սպանության կազմակերպմանը, նախապատրաստմանը և կատարմանը մասնակցություն ունեցած անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 19.12.2003թ. քրեական գործից Արթուր Սարգսյանի և այլ անձանց վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 30.06.2004թ. քրեական գործից մեկ այլ մեղադրյալի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Իսկ սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հետախուզվողներից երկուսը՝ Ա.Երեմյանը և Կ.Հակոբյանը, հայտնաբերվել են Ռուսաստանում և Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ օգոստոսի 29-ին և 2015 թվականի փետրվարի 22-ին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Ա.Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի հատկանիշներով։

Նշված երկու մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը