Լրահոս

02.06.2015 17:20


Եթե Սյունիքի մարզպետի որդին անպատիժ մնա, կդիմեն ՌԴ դատախազություն

Եթե Սյունիքի մարզպետի որդին անպատիժ մնա, կդիմեն ՌԴ դատախազություն

Գորիսում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյանների ընտանիքը հայտարարում է՝ եթե Խաչատրյանների ընտանիքն անպատիժ մնա, դիմելու են Ռուսաստանի գլխավոր դատախազությանը։

Տուժած Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանը, «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ծեծկռտուքից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մեղավորները դեռ ազատության մեջ են. քրեական գործի շրջանակում առաջխաղացում չկա։

«Մենք չենք լռելու. ես Ռուսաստանի քաղաքացի եմ, մեծ տղաս՝ ևս, եթե էստեղ գործերը կոծկվի, ես կդիմեմ Ռուսաստանին։ Իմ էրեխեքը հավի ճտեր չէին կամ ո՞ւմ էին ինչ արել, որ էսօրվա դրությամբ աչքի լույսից զրկվի, խի դա հե՞շտ բան է»,- ասաց նա։

Զաքարյանների մայրը վստահեցնում է՝ ինքը, ամուսինը և որդիները մի քանի անգամ հարցաքննվել են, և ամեն անգամ ցուցմունք տվել մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի դեմ, անգամ իրավապահներից պահանջել են վերծանել Հարութի հեռախոսազանգերը։

«Թող վերծանեն, ինչի՞ են լռում՝ ես չգիտեմ. էդքան մարդ էնտեղ եղել է, ամեն տղայիս վրա 30-40 հոգով հարձակվել են, նույնիսկ Հարութս չի հիշում՝ ոտքով են հարվածել աչքին, թե բիտայով, իրան հրել, գցել են գետնին, հարձակվել են՝ ինչով կարողացել են. է՛լ մահակներով, է՛լ քացով, է՛լ մետաղական գործիքներով հարվածել են։ Տիգրան Խաչատրյանն էլ է եղել ու իրա թափթփուկները»,- ասաց Անահիտ Գալստյանը։

Այսօր «Ազատության» հետ զրույցում մարզպետի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի օգնականը տեղեկացրեց, որ ծեծկռտուքի գործով հարցաքննվել է նաև Սուրիկ Խաչատրյանը։ Մարզպետը շարունակում է պնդել, որ իր որդին անմեղ է. ծեծկռտուքի վայրում եղել է, սակայն որևէ մեկին չի հարվածել, ավելին՝ փորձել է իրարից բաժանել վիճաբանողներին։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը