Լրահոս

04.11.2009 16:58


ՀՀԿ–ական պատգամավոր. «...մենք էլ մարդիկ չէինք լինի, այլ ինչ–որ աստվածային կերպարներ»

ՀՀԿ–ական պատգամավոր. «...մենք էլ մարդիկ չէինք լինի, այլ ինչ–որ աստվածային կերպարներ»

-Ո՛չ իշխող կուսակցությունն է ասել, և ո՛չ էլ հանրապետության նախագահն է ասել, որ այս տարի մենք դառնալու ենք տարածաշրջանում մշակութային, գիտական, կրթական, առողջապահական ու չգիտեմ՝ էլ ինչ առաջամարտիկ,- այսօր «Դուպլեքս» ակումբում «7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ ՀՀ 2009թ. հավակնոտ պետական բյուջեն ձախողվել է, ինչպես նաև ձախողվել են Հայաստանը տարածաշրջանային գիտական, կրթական, մշակութային և առողջապահական կենտրոն դարձնելու ծրագրերը։ Նշենք, որ 2010թ. պետական բյուջեով մշակույթին, կրթությանը և առողջապահությանը հատկացվող գումարները նախորդ տարվա համեմատ կրճատվել են։

Ա. Դավթյանը նաև չի ասել, թե ե՞րբ կարող է Հայաստանը նման կենտրոն դառնալու թեկուզ հույս ունենալ։

-Այդ նույն հարցը ես ձեզ կարող եմ տալ՝ իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ քանի՞ տարի է մեզ պետք, որպեսզի մենք դառնանք տարածաշրջանում առաջնային կենտրոն,- հարցին հարցով է պատասխանել ՀՀԿ-ական պատգամավորը։

Նա հավելել է, որ ընդհանրապես ցանկանում է զերծ մնալ ցանկացած պետական բյուջե հավակնոտ կամ գրոհային անվանելուց, և կարծում է, որ շատ ավելի լավ է համեստ ցուցանիշներ ամրագրել բյուջեում, քան ընդունել մեկ տրիլիոնանոց կամ դրանից ավելի բյուջե, իսկ հետագայում չկատարել այն։

Քանի որ մամուլի ասուլիսի սկզբում Ա. Դավթյանը կարծիք է հայտնել, որ 2010-ը Հայաստանի համար բեկումնային կլինի, և մեր երկիրը դուրս կգա ֆինանսական ճգնաժամից, «7օր»-ը նրան նաև հարցրել է, թե այդ դեպքում ինչո՞ւ են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառաբանությամբ 2010թ. բյուջեի ծախսերը կրճատվել։

-Որևիցե մեկս կատարյալ չենք և կարող ենք ենթադրություններ անել։ Բայց թե ե՞րբ կլինի բեկումը՝ առաջին եռամսյակի վերջի՞ն, թե՞ առաջին կիսամյակի վերջին, բավական դժվար խնդիր է, և եթե կարողանայինք ճշգրիտ կանխատեսումներ անել, այդ դեպքում արդեն կանխատեսում չէր լինի, այլ իրականություն, մենք էլ մարդիկ չէինք լինի, այլ ինչ-որ աստվածային կերպարներ,- պատասխանել է Ա. Դավթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը