Մեկնաբանություն

04.11.2009 16:22


ԼՂ–ի հարցում Թուրքիայի օժանդակությունը բանակցություններում Ադրբեջանին միայնակ թողնե՞լն է

ԼՂ–ի հարցում Թուրքիայի օժանդակությունը բանակցություններում Ադրբեջանին միայնակ թողնե՞լն է

Մարդկային մտքի թռիչքն անսահմանափակ է, իսկ ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներինը՝ առավել ևս։ Համենայնդեպս, դա են ապացուցում ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի խոսքերը։

Նախ՝ նա խորապես համոզված է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացումը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը «կօգնի ղարաբաղյան հարցի կարգավորմանը»։ Իսկ բացատրությունը հետևյալն է, քանի որ Ադրբեջանը բանակցություններում իր կոշտ դիրքորոշումը մշտապես պայմանավորել է Թուրքիայի հետ «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարախոսությամբ, ապա այժմ, երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատի և սահմանը բացի՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, դա կնպաստի, որ ադրբեջանցիները հասկանան՝ Ադրբեջան և Թուրքիա պետությունների շահերը տարբեր հասկացություններ են.

-Բնականաբար, մեկ այլ բան է Ադրբեջանը Թուրքիայի հետ, երբ բանակցային սեղանի շուրջ է գտնվում, և ուրիշ բան է, երբ Ադրբեջանը միայնակ է այդ բանակցությունների սեղանի շուրջ,- «Դուպլեքս» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Բնական հարց է առաջանում՝ եթե բանակցություններում Ադրբեջանն առանց Թուրքիայի բոլորովին այլ բան է, ապա ինչո՞ւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրախությամբ ընդունեց, երբ  Ա. Գյուլն իր պատրաստակամությունն էր հայտնում օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

«Ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետև միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից»,- ասել էր Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ ցանկացած քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին՝ լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել։

Երբ այսօր այս հարցն ուղղեցինք ՀՀԿ-ական պատգամավոր Ա. Դավթյանին, նա զարմացած պատասխանեց.

-Իսկ մի՞թե սա օժանդակություն չէ։ Օժանդակությունը հասկանալն էր, որ Թուրքիան, որպես պետություն, իր շահերն ունի, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, ունի իր շահերը, և մեկի շահը չպետք է պայմանավորվի երկրորդի շահով։

Ավելին, բանը հասավ նրան, որ Ա. Դավթյանը նույնիսկ ողջունեց Ա. Գյուլին.

-Որպես ԱԺ պատգամավոր՝ ուղղակի ողջունում եմ պարոն Գյուլին, որ ինքն իրականում իր քայլերով նպաստել և նպաստում է, որպեսզի հայ-ադրբեջանական հարցի խաղաղ կարգավորումը լինի առավելագույնս արդարացի և միջազգային իրավունքի նորմային համապատասխան։

Եվ սա այն դեպքում, երբ իր խոսքի սկզբում Ա. Դավթյանը հրաժարվեց կանխատեսումներ անել, թե Թուրքիան երբ սահմանները կբացի և Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի՝ պատճառաբանելով, որ դա մեծապես կախված է նաև այն բանից, թե արդյոք թուրք խորհրդարանականները նորից նախապայմաններ առաջ չե՞ն քաշի։

Հանրապետական պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի խոսքերը, թե հայկական ղեկավարությունը կգիտակցի, որ ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն չի կարող ընդմիշտ շարունակվել, և որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով։

-Ես զերծ կմնամ այդ հայտարարության մեկնաբանությունից, որովհետև ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ Սեմնեբին իրավունք ունի կարծիքներ արտահայտելու, հաճախ՝ նաև իրարամերժ,- ասաց Ա. Դավթյանը՝ ավելացնելով,- հայտնելով իր տեսակետը՝ ժամանակի մեջ շատ հավանական է, որ տրամագծորեն ուրիշ կամ այլ տեսակետ ևս հայտնի։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, ապա բացի նրանից, որ Ա. Դավթյանի խոսքերով՝ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն, և ողջ աշխարհն է ցանկանում վերացնել Եվրոպայում վերջին փակ սահմանը, մեկ այլ հանգամանք էլ կա.

-Բնության և հասարակության մեջ կայուն հավասարակշռություն պահելու համար անհրաժեշտ է երեք հենարան։ Օրինակ՝ սովորական աթոռը, որպեսզի նորմալ կանգնի իր ոտքերի վրա, անհրաժեշտ է՝ նվազագույնը երեք ոտք ունենա։ Նույնը նաև պետությունը՝ հավասարակշռությունը պահելու համար անհրաժեշտ է՝ առնվազն երեք հենարան ունենա։ Հայաստանի պարագայում երրորդ հենարանը կարող է լինել Թուրքիայի հետ 320 կմ-ոց սահմանի բացումը, որտեղ առկա են բոլոր ենթակառուցվածքները։

Իսկ թե մյուս 4 հարևաններից որո՞նք են Հայաստանի մնացած «ոտքերը», Ա. Դավթյանն առաջարկեց, որ ինքներս ընտրենք։

 Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը