Աշխարհ

30.05.2015 11:12


Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել ՖԻՖԱ–ի պաշտոնում Բլաթթերի վերընտրվելը

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել ՖԻՖԱ–ի պաշտոնում Բլաթթերի վերընտրվելը

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել ՖԻՖԱ–ի պաշտոնում Յոզեֆ Բլաթթերի վերընտրման փաստը։ Ճեպազրույցում լրագրողներից մեկի հարցին՝ ունի՞ Սպիտակ տունն ինչ–որ արձագանք այդ կապակցությամբ, ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստն ասել է՝ ոչ։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ՖԻՖԱ–ն ցնցումների մեջ է նրա ղեկավարների դեմ կոռուպցիոն մեղադրանքների պատճառով։

Ավելի ուշ «Agence France-Presse»–ը թվիթթերյան իր էջում գրել էր, որ Բլաթթերը ցնցված է ԱՄՆ–ի կողմից իր հասցեին հնչած կոռուպցիոն մեղադրանքներից։ Այս մասին նա հայտարարել է շվեյցարական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք՝ 79–ամյա շվեյցարացի Յոզեֆ Բլաթթերը 5–րդ անգամ վերընտրվել է ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնում իր մրցակից, Հորդանանի արքայազն Ալի բեն ալ–Հուսեինի՝ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով։ Բլաթթերը ղեկավարում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 1998–ից։

Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրենք Լոուին էլ հայտարարել է, որ հիասթափված է Բլաթթերի վերընտրմամբ կոռուպցոն սկանդալի ֆոնին։ Սակայն նաև նկատել է.

«Ես փաստերի հետ գործ ունեմ։ Մենք քվեարկել ենք մեր տեսանկյունից ամենալավ թեկնածուի օգտին և դարձել փոքրամասնություն։ Ենթադրում եմ՝ բոլորն էլ ընդունում են ժողովրդավարության սկզբունքները։ Մարդիկ քվեարկել են այնպես, ինչպես ճիշտ են համարել։ Ակնհայտ է, որ մեծամասնության համոզմամբ՝ Բլաթթերն ավելի լավ կաշխատի հետագայում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը