Տնտեսական

29.05.2015 12:25


«Պետական մարմնի որևէ ներկայացուցիչ պատասխանատվություն չի կրել»

«Պետական մարմնի որևէ ներկայացուցիչ պատասխանատվություն չի կրել»

Նախկին խորհրդային երկրներից միայն Հայաստանում է, որ ավտոմեքենաների 90%-ն օգտագործում է բնական գազ: Չնայած դա տնտեսող տարբերակ է, սակայն տեղի են ունենում նաև դժբախտ պատահարներ՝ անվտանգության կանոնները խախտելու պատճառով: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՏԿԱԻ գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը: Նրա խոսքերով՝ գազալցակայաններում պայթյունների 90 տոկոսի դեպքում մեղավորը վարորդներն են. շատերն իրենց մեքենայի գազաբալոնը ժամանակին չեն ներկայացնում ստուգման:

–Աշխատակիցները պետք է վարորդներից անպայման պահանջեն գազաբալոնների փորձարկման վկայականը,–ասել է Բադեյանը՝ հիշեցնելով, որ Հարավարևմտյան թաղամասում և Գառնիում վերջերս տեղի ունեցած պայթյունների պատճառը գազաբալոններն էին։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանն էլ ընդգծել է՝ մեղքը միայն վարորդների վրա գցելը սխալ է. վարորդներից շատերն անգամ չգիտեն, որ բալոնները պետք է փորձաքննություն անցնեն.

–Վեց ընկերությունների ներկայացուցիչներ խոստովանել են, որ 5-6 հազար դրամով վարորդներին փորձարկման կտրոն են տրամադրել։ Մինչդեռ, առ այսօր չի եղել մի դեպք, երբ պետական մարմնի մի ներկայացուցիչ պատասխանատվություն կրի պատահածի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը