Մեկնաբանություն

03.11.2009 12:04


Մարսել Պետրոսյան. «Ճշմարտությունը խեղաթյուրելն է մեղք»

Մարսել Պետրոսյան. «Ճշմարտությունը խեղաթյուրելն է մեղք»

Թուրքական ժողովրդական առածն ասում  է՝դժոխք ճանապարհվող մարդը ընկեր է փնտրում: Ադրբեջանի համար այդ ընկերը վաղուց է գտնվել հանձին Թուրքիայի, որոնց հարաբերությունների միջուկը ոչ թե «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի իրականացումն է կամ անաչառ ու հավիտենական բարեկամության մասին հավաստիացումներն ու հաճոյախոսությունները, այլ հայատյացությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակությունը նսեմացնելու ախտի հասնող մարմաջը: Այս առումով ամենևին պատահական չէ ս. թ. հոկտեմբերի 20-ի՝  թուրքական «Սաբահ» թերթում ոմն Նազըլ Յըլրջակի հեղինակությամբ տպագրված հոդվածը: Ըստ թերթի, պարզվում է, որ դեռևս 11-րդ դարից մինչև 1800-ական թվականները Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո: Չնայած նույն հոդվածում միանգամայն անտեղի կերպով հատուկ շեշտվում է, որ «Թայիփ Էրդողանը փայլուն հիշողություն ունի»,  այնուամենայնիվ, կասկածի տեղիք է տալիս թուրքական հեղինակավոր թերթի հիշողությունը: Այլապես մոռացության չէին մատնի, թե  11-րդ դարից մինչև 20-րդ դարի քսանական  թվականները  իրենց նախորդները քանի-քանի անգամներ են Ղարաբաղում և նրա մատույցներում  ջարդվել ու մազապուրծ ճողոպրել առանց ետ նայելու:

Այն, որ Ադրբեջանում պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղման ու խեղաթյուրման հարցերում հսկայական փորձ են կուտակել, հանրահայտ իրողություն է: Եվ ահա Ադրբեջանին սփոփելու նպատակով, թուրքական «Սաբահ»-ը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում՝ ապակողմնորոշելով և մոլորեցնելով իր բազմահազար ընթերցողներին: Թերթի խմբագրակազմը երևի թե լավ գիտե, որ իր ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առնչվող պատմական անցքերից: Այնպես որ նրանց կարելի է հրամցնել ցանկացած անհեթեթություն, ինչպես օրինակ թեկուզ հետևյալ բնույթի այսպիսի մի ապատեղեկատվություն՝ Ղարաբաղը ինչ որ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, և երբ անցել է Ռուսաստանին, իբր նրա բնակչության ոչ ավել, ոչ պակաս 95 տոկոսը կազմում էին թուրքերը:

«Սաբահ» թերթի հիպերբոլիկ երևակայությունը սահմաններ չունի: Այս հարցում նույնպես գերազանցելով ադրբեջանական լրատվամիջոցներին, մեղադրանք է ներկայացնում Ռուսաստանին, իբր վերջինս անցյալ դարերում Ղարաբաղի տարածքից վտարել է թուրք բնակչությանը՝ նրանց փոխարեն բնակեցնելով հայերին: Բարեբախտաբար այս թերթը անտեղյակ է, թե հայերը որ մոլորակից են ժամանել այս տարածաշրջան: Իմանար՝ անկասկած այդ մասին էլ կգրեր: Թերթը գրչի թեթևակի մի հարվածով  ղարաբաղյան պատերազմի հետևանքով ադրբեջանցի տեղահանվածների թիվը եռապատկում և հասցնում է մեկուկես միլիոնի: Ավելին, պարզվում է, որ Շուշիի թանգարանում պահվող հնագույն ձեռագրերը առևանգվել են հայերի կողմից: Թերթը ավելորդ է համարում գրել, թե գիր չունեցող քոչվոր ցեղերը /այժմ ադրբեջանցիները/ հնագույն ժամանակներում ինչ գրերով են ստեղծել այդ ձեռագրերը կամ ինչի մասին են  վկայում դրանք:

Թերթը համառությամբ լռել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի և այլ տասնյակ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների մասին: Դրա փոխարեն իր սուրբ պարտքն է համարել անդրադառնալ Խոջալլուի հետ կապված իրադարձություններին, իհարկե, նախ զգալիորեն ուռճացնելով սպանվածների և վիրավորների թիվը, ապա հայերին ներկայացնելով որպես հրեշներ: Անշուշտ սխալ կլիներ «Սաբահ» թերթից ճշմարիտ տեղեկատվություն ակնկալել ղարաբաղյան իրադարձությունների առնչությամբ: Հո՞ չէր արձանագրի , որ հայերը Խոջալլուի խաղաղ բնակիչներին հատուկ միջանցք էին տրամադրել անվտանգ հեռանալու ռազմական գործողությունների թատերաբեմից: Եվ որ այդ ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե բուն Խոջալլուի տարածքում, այլ Աղդամի մատույցներում, այն տարածքում, որը գտնվում էր ադրբեջանական զինուժի, ավելի ստույգ՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հրոսակախմբերի վերահսկողության տակ: Հայերը ինչպես կարող էին կռահել, որ հանուն իշխանափոխության, ժողովրդական ճակատի բախտախնդիրները կրակ կարող են բացել յուրայինների վրա և ոչնչացնել անզեն ու անօգնական մարդկանց: Երևի թե Ադրբեջանի ժողովրդական ճակատի տաք պարագլուխները իշխանության հասնելու այլընտրանք չունեին, մանավանդ որ տեղի ունեցած միջադեպը նախ կվերագրեն հայերին և ապա ամենակարևորը՝ կմեղադրեն իշխանություններին  ադրբեջանցի խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման գործում հանցավոր անտարբերության մեջ: Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիները ինտեռնետը լցրել են այսպես կոչված «Խոջալլուի ցեղասպանության» կեղծ քարոզչությամբ, և այստեղ գլխավոր կազմակերպիչը Հեյդար Ալիևի անվան պետական հիմնադրամն է, որը, մասնավորապես, գույները խտացնելու համար  բացահայտ կեղծիք է օգտագործել՝ լուսանկարներում պատկերված Կոսովոյի այլանդակված դիակները ներկայացնելով որպես Խոջալլուի ողբերգության զոհեր:

Թվում է՝ «Սաբահ» թերթը ադրբեջանական լրատվամիջոցներից վարակվել է ծերունական մարազմով, քանզի նման ախտանշանները ակնհայտորեն առկա են: Այլապես այս կապակցությամբ գոնե մի աննշան մեջբերում կաներ  Ադրբեջանի նախկին նախագահ, ոչ պակաս հայատյաց Այազ Մութալիբովից: Այնուհանդերձ, արժանին պետք է մատուցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներին, որոնք ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկներ էին արել: «Սաբահ»-ը միտումնավոր  համր լռություն է պահպանում նաև այս ամենի շուրջ, իսկ դրա փոխարեն, իբր իմիջիայլոց գրում է. «Գուցե՞ Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը սկսի հեռուստասերիալ ցուցադրել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի և Խոջալլուի ջարդերի մասին»:

Ինչ խոսք, առաջարկությամբ հանդես գալը չի կարելի մեղք որակել: Ճշմարտությունը խեղաթյուրելն է մեղք: Չենք կարծում, որ երբևէ «Սաբահ» թերթին կհաջողվի իր մեղքերին թողություն տալ: Չնայած դրան, այնուամենայնիվ, արժե ձգտել, թեկուզ հանուն ինքնամաքրման:  Իսկ գուցե՞  Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը այդ հեռուստասերիալների հեռարձակումը սկսի 1915 թվականի դեպքերից: «Սաբահ» թերթը երբևէ համարձակություն կունենա՞ հանդես գալ նման առաջարկությամբ:Իսկ ինչ վերաբերվում է Ղարաբաղի հանդեպ Թուրքիայի դիրքորոշմանը, ապա ԼՂՀ-ում դրան վերաբերվում են ,անչափ մեղմ ասած, սառը անտարբերությամբ:

 Մարսել Պետրոսյան 

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ

Այս խորագրի վերջին նյութերը