Աշխարհ

22.05.2015 17:45


Իրանը թաքցնում է իր միջուկագետներին

Իրանը թաքցնում է իր միջուկագետներին

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին կտրականապես մերժել է իրանցի ֆիզիկոս–միջուկագետներից հարցազրույց վերցնելու առաջարկը։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ միջուկային խնդրով բանակցություններին մասնակցող երկրների կարծիքով դա կարող էր բարելավել Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի միջև վստահությունը։ Սակայն Համենեին հակառակում է համոզված.

«Մենք երբեք չենք ընկրկում ճնշման դեպքում... Եվ երբեք կուլ չենք գնա նման շինծու պատրվակներին։ Իրանը չի թույլատրի իր գիտնականների հասանելիությունը։ Մենք թույլ չենք տա տարածել մեր միջուկագետների անձնական տվյալները կամ նման կարևոր այլ տեղեկատվություն»։

Աղբյուրը նշում է, որ Համենեիին կարելի է հասկանալ. եթե բացահայտվի միջուկագետների ինքնությունը, այդ մասին կիմանա նաև իսրայելական հետախուզությունը, որն էլ կվտանգի գիտնականների անվտանգությունը։ Վերջին հինգ տարում Իրանում միջուկային հետազոտություններով զբաղվող հինգ ֆիզիկոս է սպանվել։ Սպանությունների մասնակիցները խոստովանել են, որ նախապատրաստական դասընթացներ են անցել Թել–Ավիվի ռազմական ճամբարում։

Ինչպես գրում է «Վեստի»–ն, միջուկային համաձայնագրի վերջնական հաստատումը մշուշով է պատված, քանի որ հակառակորդները բավական շատ են։ Առաջին պատճառը, որը կասկած է առաջացնում, որ հունիսի 30–ին փաստաթուղթը կհաստատվի բոլոր երկրների կողմից, այն է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարատև մտորումներից հետո, ի վերջո, որոշել է այն հաստատման տանել Կոնգրես, որի երկու պալատներում նրա կողմնակիցները փոքրամասնություն են կազմում։

Լավատեսություն չի ներշնչում նաև կոնգրեսականների արձագանքն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությանը, որը կոչ է արել չհաստատել համաձայնագիրը, որը սպառնալիք կդառնա Իսրայելի գոյության համար։ Նեթանյահուի այդ հայտարարությունն ընդունվել է «բուռն ծափահարություններով»։

Այժմ էլ պարզվում է, որ բացի ԱՄՆ պահպանողական ընդդիմությունից՝ կան նաև ազդեցիկ իրանցի պահպանողականներ, որոնցից է Համենեին։ Պատահական չէ, որ միջուկային համաձայնությունից հետո Իրանը սկսել է ավելի խիզախ դրսևորել իրեն հարևանների հետ հարաբերություններում. իրանական ռազմանավերը սկսել են ավելի հաճախ երևալ Ադենյան ծովածոցում։ Իսկ Համենեին անգամ պատերազմով է սպառնացել Սաուդյան Արաբիային, եթե արգելեն Եմեն մարդասիրական օգնություն տանող իրանական նավերին հասնել Ադենի նավահանգիստ։

Եվ սա այն դեպքում, ինչպես գրում է «Վեստի»–ի թղթակիցը, երբ Իրանն ակտիվորեն շարունակում է օգնություն ցուցաբերել շիական ռազմական խմբավորումներին՝ անկախ այն բանից՝ ում հետ են նրանք կռվում, «Հըզբոլլահի» անդամներին Լիբանանում, շիական ապստամբներին Իրաքում և անգամ Եմենի հուսիթներին, որոնց դեմ արդեն երկու ամիս է՝ պայքարում են Պարսից ծոցի միապետությունները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։

Հետևաբար, լրագրողի եզրակացմամբ, արդեն այժմ կարելի է արձանագրել, որ անկախ միջուկային համաձայնագրի հետագա ճակատագրից՝ Իրանի ձգտումները միայն մեծանալու են, որն էլ անխուսափելիորեն կհանգեցնի միջկրոնական լարվածության աճի տարածաշրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը