Կարծիք

21.05.2015 21:23


Ա.Ղուլյանի թեկնածությանը իմ դեմ քվեարկելը մի քանի պատճառ ունի

Ա.Ղուլյանի թեկնածությանը իմ դեմ քվեարկելը մի քանի պատճառ ունի

Այսօր տեղի ունեցավ Արցախի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Ընտրեցինք ԱԺ նախագահ, նախագահի տեղակալ, հանձնաժողովների նախագահներ և տեղակալներ: Երեք առավելագույն ձայներ ստացած կուսակցությունները քաղաքական համաձայնության են եկել և իրար մեջ բաժանել խորհրդարանական պաշտոնները: ԱԺ նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ առաջադրվեց ԱԺԿ ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը: Պարոն Ղուլյանի թեկնածությանը դեմ քվերակեցինք հինգ պատգամավոր, կողմը 28-ն էին:
Ա.Ղուլյանի թեկնածությանը իմ դեմ քվեարկելը մի քանի պատճառ ունի: Առաջին պատճառն այն է, որ 10 տարիների ընթացքում Ազգային ժողովի դերը երկրի քաղաքական կյանքում նվազ է եղել, ԱԺ նախագահը չի ջանացել պատճաշ դերակատարություն ապահովել օրենսդիրի համար: ԱԺ-ը աչքի չի ընկել օրենսդրական նախաձեռնություններով, նորմալ չի կատարել վերահսկողական ֆունկցիան, բնակիչները դժգոհ են պատգամավորների ներկայացուցչական ֆունկցիայի իրագործման մակարդակից:
Ա.Ղուլյանի թեկնածությանը դեմ եմ քվեարկել թեկուզ այն պատճառով, որ նրա նախագահության 10 տարիներից 9-ի ընթացքում Ազգային ժողովի կայքը չի գործել:
Ցածր է եղել միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակը, թեև չճանաչվածության պայմաններում խորհրդարանական համագործակցությունն այն ասպարեզն է, որտեղ առավել մեծ հնարավորություններ կան միջազգային հարաբերություններում երևալու համար: Եզակի երկրների խորհրդարաններում կամ խորհրդարանականների մասնակցությամբ ստեղծված բարեկամության խմբերը դժգոհում են Արցախի Ազգային ժողովի պասիվությունից, Արցախի ԱԺ-ում ստեղծված բարեկամության խմբերն աչքի չեն ընկել ակտիվությամբ, իսկ պատգամավորների զգալի մասն անտեղյակ է եղել խմբերի գործունեությունից:
Ես դեմ եմ քվեարկել Ա.Ղուլյանի թեկնածությանը, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը երեք գումարում է, ինչ չի կարողանում գտնել ԱԺ նախագահի այլ թեկնածու, քան Ղուլյանն է:Ազգային վերածնունդ կուսակցությունը քաղաքական սերնդափոխության կողմնակից է, մենք քաղաքականության մեջ նոր դեմքեր ու գաղափարներ ենք ուզում տեսնել: Պարոն Ղուլյանի թեկնածությունը քաղաքական լճացման մարմնացումն է:
Ընդդիմադիր պատգամավորներս Ազգային ժողովում ընդամենը 12% ենք կազմում, հետևաբար մեծամասնությունը խնդիր չուներ իր թեկնածուներին անցկացնելու: Հետևաբար մեր նպատակներից մեկն էլ լինելու է այն, որ մեր ակտիվությամբ փորձենք այս Ազգային ժողովը նախորդներից տարբերվող դարձնել, որպեսզի աճիօրենսդիր նախաձեռնությունների թիվը, ուժեղանա վերահսկողությունը, ակտիվանա խորհրդարանական դիվանագիտությունը: Թե ինչքանով կտարբերվի 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը 4-րդ և 5-րդ գումարումների ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանից, մեծապես կախված է նաև մեր աշխատանքից և անձամբ իմ աշխատանքից: Իսկ իմ աշխատանքի մեջ ես մեծապես կարևորելու եմ հանրության կարծիքը, պարբերաբար կազմակերպելու եմ քննարկումներ և հանդիպելու եմ ընտրողների հետ: Ազգային վերածնունդ կուսակցությունը, մեր ամբողջ քաղաքական թիմն այս հարցում լինելու է իմ կողքին: Այնպես որ, սիրելի քաղաքացիներ, ձեր ակտիվությամբ աջակցեք իմ և մնացած խորհրդարանականների աշխատանքին:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը