Քաղաքական

21.05.2015 11:22


Յ. Հանն. «ՀՀ–ն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն ԼՂ հակամարտության լուծման համար»

Յ. Հանն. «ՀՀ–ն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն ԼՂ հակամարտության լուծման համար»

«Trend»–ի տեղեկացմամբ՝ Ռիգայում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նոր մեթոդներ կիրառեն ԼՂ հակամարտությունը լուծելու համար:

«Լավ օրինակ են Բալկանները, որտեղ մենք տեսանք միջսահմանային համագործակցություն: Գուցե նման համագործակցություն հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի՞ միջև: Այդ նախագիծն առաջին հերթին կարևոր է երկրների միջև վստահության կառուցման համար»,–ասել է եվրոպացի դիվանագետը՝ հավելելով, որ առաջիկա տարիներին ԵՄ–ն մտադիր է Հարավային Կովկասում զարգացնել միջսահմանային համագործակցությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Ռիգայում մայիսի 21-22-ն անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, քանի որ, Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի խոսքերով, Եվրոպական խաղերի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել։

Ռիգայի գագաթաժողովին կմասնակցեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, սակայն գագաթաժողովին Բաքուն չի ստորագրի ոչ մի փաստաթուղթ:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևն այդ կապակցությամբ հայտարարել էր. «Մենք ձգտում ենք ԵՄ-ի հետ հաստատել նոր, ավելի լայն համագործակցություն, ինչպես էներգետիկ ոլորտում ձեռք բերված համագործակցությունն է: Սակայն այդ կապակցությամբ կոնկրետ առաջարկներ դեռ չենք ստացել»:

«Независимая газета»-ն էլ, քաղաքագետ Իլգար Վելիզադեին հղումով, գրել էր, որ այդկերպ Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռություն պահպանել ԵՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը