Լրահոս

02.11.2009 16:36


«Ժառանգության» հանդիպումները Բրյուսելում եւ Ստրասբուրգում

Հոկտեմբերի 30-ին ավարտվեցին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հանդիպումները Եվրոպական կառույցների պաշտոնատար անձանց հետ, որոնք սկսվել էին հոկտեմբերի 18-ից Բրյուսելում, այնուհետեւ հոկտեմբերի 20-23-ին' տեղափոխվել Ստրասբուրգ եւ հոկտեմբերի 26-ից մինչեւ 30-ը' շարունակվել Բրյուսելում: Այդ ընթացքում Ստյոպա Սաֆարյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի ու Եվրամիության խորհրդի շուրջ 30 պաշտոնատար անձանց հետ, վերջիններիս հետ քննարկելով Հայաստանի ժողովրդավարացմանը, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում իրականացվող գործողությունների ծրագրին ու Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը, ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Եվրոպական հանձնաժողովում Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության հակամարտությունների լուծման ու տարածաշրջանային համագործակցության հարցերով խորհրդական Թիերի Բեշեի, Ընդլայնման գլխավոր տնօրինության տեղեկատվության եւ հաղորդակցության ստորաբաժանման գլխավոր կառավարիչ Մորիս-Պիեռ Գույադերի հետ: Եվրոպացի պաշտոնյաները ներկայացրել են ԵՄ քաղաքականությունն ու մոտեցումները հիշյալ հարցերի կապակցությամբ, իսկ Սաֆարյանի կողմից ներկայացվել են □Ժառանգության□ ակնկալիքներն ու պատկերացումները, մասնավորապես, Հայաստանի ու ԼՂՀ ժողովրդավարացման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության ու ԵՄ պատասխանատվության եւ դերակատարության մասին:

Ստրասբուրգում Ս.Սաֆարյանը առանձին հանդիպումներ է ունեցել ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան, ԵՄ-Վրաստան խորհրդարանական հանձնաժողովի անդամներ Միլան Սաբռնոխի (նախագահ) հետ' Եվրոպական խորհրդարանում Եվրոպական պահպանողականներ եւ բարեփոխիչներ խմբի չեխ պատգամավոր,  Վիտաուտաս Լանդբերգիսի (փոխնախագահ)  եւ Իոաննիս Ցուկալասի հետ' Եվրոպական ժողովրդական կուսակցություն (քրիստոնեա-դեմոկրատներ) խմբի համապատասխանաբար լիտվացի եւ հույն պատգամավորներ, Լեոնիդաս Դոնսկիսի հետ' Եվրոպայի ազատականների ու ժողովրդավարների դաշինք խմբի լիտվացի պատգամավոր, Հանես Սվոբոդայի հետ' Սոցիալիստական խմբի ավստրիացի պատգամավոր: Հանդիպումների ընթացքում կողմերը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկան ու հեռանկարը, ինչպես նաեւ' շահագրգռություն հայտնել լիարժեք օգտագործելու խորհրդարանական մակարդակով երկխոսության ողջ ներուժն ու հնարավորությունները այդ կապերը սերտացնելու համար: Ճանաչողական հանդիպում տեղի ունեցավ նաեւ Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի ազատականների ու ժողովրդավարների դաշինք խմբի ներկայացուցիչների հետ' ի դեմս խմբի փոխնախագահ Ադինա-Յոհաննա Վալեանի եւ Բելգիայի պետնախարար Աննեմի Նեյց-ՈւյտերԲրոեկի: Պատգամավորներից զատ Ս.Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի հատուկ խորհրդական Դիրկ Տոռնստրայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական պատվիրակությունների ստորաբաժանման կառավարիչ Անետա Պոպեսկու-Բլեկի, Եվրոպական խորհրդարանի նախագահի դիվանագիտական խորհրդական Ալեքսանդր Ստուցմանի հետ: Սաֆարյանը նրանց հետ քննարկել է տարբեր երկրների խորհրդարանների դերի բարձրացմանն ուղղված Եվրոպական խորհրդարանի քաղաքականությունը եւ Հայաստանի խորհրդարանին աջակցելու հնարավորությունները: Հանդիպման մասնակիցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել □Ժառանգություն□ խորհրդարանական կուսակցության, նրա ծրագերի, գործադրած ջանքերի կապակցությամբ եւ հորդորել են շարունակել Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված կուսակցության հետեւողական ու ընկալելի գործելաոճը: Ստրասբուրգյան այցելությունն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալիվինա Զաքարյանի հետ հանդիպմամբ ու Եվրոպական հանձնաժողովում Ընդլայնման գլխավոր տնօրինության միջինստիտուցիոնալ կապերի խորհրդական Ալեն Սերվանտինի հետ աշխատանքային ճաշով:

Ս.Սաֆարյանի բրյուսելյան հանդիպումները վերսկսեցին հոկտեմբերի 26-ից' Բաց հասարակության ինստիտուտ այցելությունից, որտեղ Ժակլինի Հեյլի հետ քննարկվեցին եվրոպական կառույցներում քաղաքականության մշակմանն ու որեւէ երկրի օգտին լոբինգին քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցության եղանակները, ինչպես նաեւ' Հայաստանում ժողովրդավարացման գործընթացին, ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Նույն օրը Ստեփան Սաֆարյանը աշխատանքային ճաշ-հանդիպում ունեցավ Տարածաշրջանների հանձնաժողովի լրատվության ու հաղորդակցության ստորաբաժանման ղեկավար Կլաուս Հուլմանի հետ, ով ԵՄ հաստատությունների հետ փոխգործակցության խորապատկերին ներկայացրեց այդ կառույցի դերակատարումը, քաղաքականությունը եւ ծրագրերը: Քննարկվեցին Տարածաշրջանների հանձնաժողովի ծրագրերին Հայաստանի համայնքների մասնակցության ուղիներն ու հնարավորությունները:

Եվրոպական հանձնաժողովում Ստեփան Սաֆարյանը հանդիպումներ ունեցավ Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Եվրոպական հարեւանության քաղաքականության ընդհանուր համակարգման բաժանմունքի պաշտոնյա Ռոբերտ Սոլտիկի հետ, Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության տեղեկատվության եւ հաղորդակցության (Եվրոպայի, կենտրոնական և արևելյան Ասիայի, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, միջազգային կազմակերպությունների հետ պատվիրակությունների համար) ստորաբաժանման պաշտոնյա Եվա Հորելովայի հետ: Եվրոպական հարեւանության քաղաքականության ու Արեւելյան գործընկերության նախաձեռնության համատեքստում քննարկվել են ԵՄ-գործընկեր երկրներ հարաբերությունները երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում: Ընդլայնման գլխավոր տնօրինության Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության հարցերով ստորաբաժանման փոխղեկավար Մարտին Դոսոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին այդ երկրի եվրաանդամակցության գործընթացի առանձնահատկությունները: Մասնավորապես հատուկ քննարկման առարկա դարձավ հարեւան երկրների հետ ԵՄ անդամության թեկնածու երկրի վեճերը մինչ անդամակցությունը կամ անդամակցությունից հետո համաեվրոպական համատքեստում դրանք լուծելու եւ կառավարելու եվրոպական փորձառությունն ու դասերը: Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Հարավային Կովկասի բաժանմունքում Աիլի Ռիբուլիսի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ եվրոպական քաղաքականության հարցերը: Ընդլայնման գլխավոր տնօրինության Թուրքիայի հարցերով բաժանմունքի ղեկավար Ժան-Քրիսթոֆ Ֆիլորիի հետ քննարկվեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, վերջերս ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցերը: Սաֆարյանը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումները, մտահոգություններն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մարտահրավերները, որոնք արդյունք են ի սկզբանե որդեգրած սխալ մեթոդաբանության: Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ ու հորիզոնական կապերի համատեքստում ԵՄ-գործընկեր երկրներ հարաբերություններին ու դրանց ապագային վերաբերող հարցեր քննարկվեցին Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության պաշտոնյա Տուոմո Տալվելայի հետ:    

Ստեփան Սաֆարյանը նաեւ հյուրընկալվեց ԵՄ-ում Եվրոպայի խորհրդի ներկայացուցչությունում եւ հանդիպեց առաքելության փոխտնօրեն Հումբերտ դը Բիոլեի հետ: Վերջինս ներկայացրեց ԵՄ-ԵԽ հարաբերությունների ներկայիս մակարդակը, գործողությունները մեկտեղելու ու երկրների հետ հարաբերություններում կրկնությունների մարտահարվերները: Երկուստեք ներկայացվեցին ԵՄ-ԵԽ-Հայաստան հարաբերությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները: ԵԽ գրասենյակը ցանկություն հայտնեց «Ժառանգությունից» մշտապես առաջարկներ լսել այդ եռակողմ ձեւաչափով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներում բեկում արձանագրելու, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, «Ա1+»-ի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ի կատար ածելու, լրատվության դաշտում բազմակարծություն ապահովելու, քաղբանտարկյալների ազատ արձակմանը լուծում տալու, ապագայում նոր մարտի 1-երը բացառելու, ազատ ընտրություններ ունենալու վերաբերյալ:

Եվրոպական միության խորհրդի գլխավոր քարտուղարության արտաքին տնտեսական հարաբերությունների, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրինության արեւմտյան Բալկանների տարածաշրջանի, արեւելյան Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի բաժանմունքում Սաֆարյանը հանդիպում ունեցավ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հարցերով պատասխանատու Պաուլո Բարոզո Սիմոեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբերգում ղարաբաղյան հակամարատության քննարկման նպատակով Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագրին ու այդ համատեքստում ԵՄ-Հայաստան համագործակցությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի ու Թուրքիայի ներքաղաքական ու ժողովրդավարական գործընթացներին, 2008թ. մարտի 1-ի ողբերգության հետեւանքների վերացմանը, փաստահավաք խմբի լուծարմանը, քաղբանտարկյալների ազատ արձակմանը վերաբերող հարցեր:

Եվրոպական այցելության վերջում Սաֆարյանը հյուրընկալվեց «Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպությունում եւ նրա գլխավոր քարտուղար Միքայել Քամբեկից, ավագ խորհրդատու Պարույր Հովհաննիսյանից եւ ավագ հետազոտող Սարգիս Ղազարյանից ծանոթացավ նորաստեղծ կազմակերպությանն ու նրա պլաններին, պատրաստակամություն հայտնեց օգտակար լինել հայաստանաշահ այդ առաքելությանը:  

Այս խորագրի վերջին նյութերը