Աշխարհ

18.05.2015 18:00


Չսափրվել և աղոթել. ԻՊ–ն իր կարգերն է հաստատում գրավված շրջաններում

Չսափրվել և աղոթել. ԻՊ–ն իր կարգերն է հաստատում գրավված շրջաններում

Քրդական «Rudaw-TV»–ի տեղեկացմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները մահմեդականների սրբազան տոնի՝ Ռամադանի կապակցությամբ Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի բնակիչների համար մի շարք սահմանափակումներ են մտցրել։ Ռամադանը կսկսվի հունիսի 18–ին և կավարտվի հուլիսի 17–ին։

Աշխատակիցները տոնի կապակցությամբ կաշխատեն օրական 2 ժամ, օրվա մնացած մասը նրանք կանցկացնեն աղոթքներով։ ԻՊ նոր օրենքներով՝ Ռամադանի ժամանակ կանանց արգելվում է դուրս գալ տներից։

Այս ամիս ավելի վաղ ԻՊ–ն Մոսուլի տղամարդկանց արգելել էր սափրվել։ Մոսուլի մզկիթներում քարոզիչները սպառնացել էին մորուքները սափրելու դեպքում պատժել նրանց, քանի որ դա հակասում է շարիաթի նորմերին։

Նշենք՝ ԿՀՎ ներկա տվյալներով՝ ԻՊ–ն մոտ 30 հազ զինյալ ունի, որոնք Իրաքի և Սիրիայի գրավված տարածքները «խալիֆաթ» են հռչակել, և ձգտում են ընդլայնել վերջինի սահմանները։

Ծայրահեղական ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար միասնական ճակատ չկա. զինյալների դեմ կռվում են Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, որը սահմանափակվում է միայն օդային հարվածներով, և իրաքցի ու սիրիացի քրդերը։

Հիշեցնենք՝ մայիսի 17–ին ԻՊ–ն ամբողջովին իր վերահսկողության տակ է վերցրել Անբար նահանգի վարչական կենտրոնը՝ Ռամադին, ուր հասցրել է արդեն 500 խաղաղ բնակիչ սպանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը