Աշխարհ

18.05.2015 12:20


Բոսթոնում կհեռացվեն Հայոց ցեղասպանությունը հերքող նախաձեռնության գովազդային վահանակները

Բոսթոնում կհեռացվեն Հայոց ցեղասպանությունը հերքող նախաձեռնության գովազդային վահանակները

Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Բոսթոնում և ԱՄՆ այլ քաղաքներում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը հերքող թուրքական նախաձեռնության գովազդային պաստառներ: «Boston Magazine» պարբերականը հայտնում է, որ վահանակները բողոքի ալիք են առաջացրել, ինչից հետո դրանք տեղադրող «Outfront Media» ընկերությունը գովազդը հեռացնելու որոշում է կայացրել:

Կազմակերպության մամուլի խոսնակ Կարլի Զիփը հայտարարել է, որ գովազդը կհեռացվի շաբաթ նաև այլ քաղաքներից:

Պարբերականը նաև հիշեցնում է, որ ապրիլին «The Boston Globe»-ը խմբագրականով կոչ էր արել ԱՄՆ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հոդվածը տպագիր ձևաչափով հրապարակվել էր ապրիլի 24-ին: Սակայն «Globe»-ի խմբագրականից մի քանի էջից հետո հայտնվել էր Ցեղասպանությունը ժխտող կայքի գովազդ: «The Globe»-ը միակը չէր, որն առերեսվել էր նման երկընտրանքին: Այսպես, «The New York Times»-ը մերժել էր Հայոց ցեղասպանությունը հերքող մի գովազդ:

«Մենք ընդունում ենք միայն այնպիսի գովազդ, որը համապատասխանում է մեր կողմից ընդունված չափանիշներին», – «Boston Magazine»-ին ուղղված էլեկտրոնային նամակում գրել է «The New York Times»-ի կորպորատիվ հաղորդակցությունների տնօրեն Լինդա Զեբիանը:

Մեկ այլ պարբերականի՝ «The Times»-ի գովազդային քաղաքականությունը հատուկ հղում է անում Հայոց ցեղասպանությանը:

«Մենք չենք ընդունում գովազդ, որը հերքում է մարդկային ողբերգությունները: Այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Համաշխարհային առևտրի կենտրոնների ռմբակոծությունը, Հոլոքոսթը, ստրկությունն ԱՄՆ-ում, Հայոց ցեղասպանությունը կամ Իռլանդական սովը, չեն կարող հերքվել կամ աղավաղվել գովազդի միջոցով»,–ասված է թերթի գովազդային քաղաքականության նկարագրության մեջ:

«armeniangenocide100.org»

Այս խորագրի վերջին նյութերը