Լրահոս

15.05.2015 21:25


Թանգարանների գիշերը Էրեբունի արգելոց-թանգարանում

Թանգարանների գիշերը Էրեբունի արգելոց-թանգարանում

Այս տարի մայիսի 16-ին, ժամը 18:00-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ մշակութասեր հանրությանը ներկայացնելով բազմաբնույթ միջոցառումներ: «Թանգարանները հանուն կայուն հասարակության» խորագրի համատեքստում իրիկնամուտից մինչև կեսգիշեր արգելոց-թանգարանն իր հարկի տակ կընդունի հազարավոր այցելուների, ովքեր բացի հիմնական ցուցադրությունը դիտելուց, կարող են ծանոթանալ նաև «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ժամանակավոր ցուցահանդեսին՝ վայելելով դասական հաճելի երաժշտություն: Գիշերը թանգարանում կմեկնարկի հնագիտական հուշարձաններին, ի մասնավորի, Արևմտյան Հայաստանի հուշարձաններին նվիրված դասախոսություններով, որոնք ցուցադրական նյութերով կներկայացնեն իրենց փորձով և գիտելիքներով հայտնի հայ հնագետները: Էրեբունի թանգարանը կմիանա նաև «Գիշերվա Թվիթուոլ»/“Tweetwall of the Night”/ թվանշայնացված հատուկ ծրագրին, որը մշակված է 11-րդ Թանգարանների եվրոպական գիշերվա մասնակից թանգարանների համար: Այս ծրագիրը այցելուներին առաջարկում է Թանգարանային գիշերվա շրջանակում առցանց կիսվել իրենց տպավորություններով՝ նկարների և թվիթթերների միջոցով, որոնք կհավաքվեն և կցուցադրվեն բոլոր մասնակից թանգարաններում՝ ծրագրի համար նախատեսված էկրանների վրա: Թանգարանների միջազգային օրը այս տարի Հայաստանում նշվող՝ «Թանգարաններ. Հիշողությանվկաներ» կարգախոսին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հատուկ բեմադրված միջոցառմամբ կմիանան Երևանի թիվ 119 ավագ դպրոցի սաները: Ժամը 20:00-ից թանգարանի հարակից հրապարակը կվերածվի յուրօրինակ բեմահարթակի, որտեղ կթևածեն ժողովրդական երգն ու պարը՝ «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի ներկայացմամբ: Թանգարանային գիշերվա մասնակիցներին 1 ժամ շարունակ երաժշտական տոն կպարգևի հեղինակ–կատարող Արմինե Հայրապետյանը՝ «Ես գնում եմ հանդիպման» համերգային ծրագրով: Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին՝ Էրեբունի քաղաք-ամրոցում զբոսնելով, մեկ մեկու Գիշերվա տպավորությունները հաղորդելով և ամրոցի բարձրունքից Երևանի համայնապատկերը դիտելով:

«Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-իև Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2015թ. ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային օրը Հայաստանում նշվում է «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Այս խորագրի վերջին նյութերը