Լրահոս

14.05.2015 22:45


ՍԱՊԾ. «Մինչև ներմուծման արգելքը Թուրքիայից մեր հանրապետության տարածք են ներմուծվել բրոյլեր տեսակի հավի ճտեր»

ՍԱՊԾ. «Մինչև ներմուծման արգելքը Թուրքիայից մեր հանրապետության տարածք են ներմուծվել բրոյլեր տեսակի հավի ճտեր»

Վերջին շրջանում հաճախ են սոցիալական ցանցերում տարածվում սննդամթերքի անվտանգությանն առնչվող՝ մասնագիտորեն չհիմնավորված ու թյուր տեղեկություններ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի խուսափում քննադատությունից, դեռ ավելին՝ կարծում ենք, որ հաճախ առողջ քննադատությունը նպաստում է ավելի նպատակային գործողությունների պլանավորմանը, բայց նաև տարանջատում ենք քննադատությունն անհիմն տեղեկություններից, որոնք կարող են անհանգստություն առաջացնել հանրության շրջանում: Մասնավորապես, վերջին նման դեպքը վերաբերում էր Թուրքիայից բրոյլեր տեսակի ճտերի ներկրմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը՝ Թուրքիայի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

Մինչև ներմուծման արգելքը Թուրքիայից մեր հանրապետության տարածք են ներմուծվել բրոյլեր տեսակի հավի ճտեր, ինչը սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Այս առիթով հայտնում ենք, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա. թեև ճտերի նշված խմբաքանակը ներկրվել է արգելքից առաջ, այդուհանդերձ ներմուծման ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր պահանջները, և սահմանային հսկողության շրջանակներում իրականացվել են փաստաթղթային ստուգում և կլինիկական զննում, որի արդյունքում չեն հայտնաբերվել հիվանդության ախտանիշներ: Թռչնագրիպի գաղտնի շրջանը տևում է 20-48 ժամ, և մինչ այսօր ծառայության մասնագետների հսկողության ներքո գտնվող հավի ճտերը չունեն հիվանդության որևէ ախտանիշ: Նշենք, որ այս խմբաքանակը 30 օր ժամկետով կլինի կարանտինային հսկողություն ներքո՝ ճտերը կպահվեն առանձին, փակ տարածքում, արգելված կլինի դրանց տեղաշարժն ու իրացումը:

Հայտնում ենք նաև, որ Թուրքիայում թռչնի գրիպի (H5N1 տիպի) դեպքեր գրանցվել են մեկ շրջանում, իսկ ներմուծված խմբաքանակը եղել է վարակի գոտուց բավականաչափ հեռու՝ անվտանգ տարածքից:

Միաժամանակ կոչ ենք անում շահագրգիռ անձանց նախքան խուճապ առաջացնող տեղեկատվության տարածումը թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալ մասնագետներից և ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնից, քանզի միայն պետություն-հասարակություն ամուր կապի և համագործակցության շնորհիվ է հնարավոր կարգավորել ոլորտում առկա խնդիները:

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը