Լրահոս

13.05.2015 15:58


Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մարզիչները որակազրկվել են

Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մարզիչները որակազրկվել են

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Ազգային ավանդական կարատեի ասոցիացիայի նախագահ, Հայաստանում աշխարհի շոտոկան կարատեի միության (WSKU) ներկայացուցիչ Վյաչեսլավ Հարությունյանին:

Վերջինս տեղեկացրել է շոտոկան կարատեի օրերս Թբիլիսիում կայացած առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպի՝ Վրաստանի հավաքականի անդամ ջավախահայ մարզիկի եւ ադրբեջանցի մարզիկի միջեւ ծեծկռտուքի մանրամասների մասին: Նա ներկայացրել է միջադեպի առիթով հրավիրված WSKU-ի հատուկ նիստի ժամանակ ընդունված պաշտոնական որոշումը, որում, մասնավորապես, նշված է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականների մարզիչները որակազրկվել են: Փաստաթղթում հատուկ շեշտվել է նաեւ, որ սոցցանցերում տարածված ազգամիջյան ընդհարման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ այն սոսկ միջանձնային է եղել:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել, որ WSKU-ի պահանջով Վրաստանի եւ Ադրբեջանի կարատեի ֆեդերացիաների կողմից ներկայացված պաշտոնական գրություններում երկու երկրներն էլ իրենց համաձայնությունն են հայտնել մարզիչների որակազրկման վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնել մշտապես պահպանելու արդար մրցակցության եւ սպորտային համերաշխության կանոնները:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի

նախարարության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը