Աշխարհ

12.05.2015 11:18


«РБК»–ի մոտ է հայտնվել Նեմցովի «Պուտին. պատերազմ» զեկույցը

«РБК»–ի մոտ է հայտնվել Նեմցովի «Պուտին. պատերազմ» զեկույցը

«РБК» լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել փետրվարի 28-ի գիշերը սպանված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի «Պուտին. պատերազմ» զեկույցը:

Նշվում է, որ զեկույցը 64-էջանոց հետազոտություն է, որը ներառում է լրատվամիջոցներում հրապարակված, ինչպես նաև Նեմցովի անձնական աղբյուրներից ստացած տեղեկություններ Ուկրաինայի քաղաքականությանը Ռուսաստանի միջամտության, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում ռուսական զորքերի ներկայության մասին:

«РБК»-ի փոխանցմամբ` զեկույցի տեքստի վրա աշխատել են ՌԴ նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը, լրագրողներ Այդեր Մուժդաբաևը, Օլեգ Կաշինը, «РПР-ПАРНАС» քաղխորհրդի անդամներ Իլյա Յաշինը և Լեոնիդ Մարտինյուկը, ինչպես նաև կուսակցության գործադիր տնօրեն Օլգա Շորինան:

Ըստ Նեմցովի աղբյուրների՝ 2014թ. օգոստոսին արևելյան Ուկրաինայում զոհվել է առնվազն 150 ռուս զինվոր: Մոտ 70 զինվոր, այդ թվում՝ 17 դեսանտավոր՝ Իվանովոյից, ըստ Նեմցովի, զոհվել է 2015թ. հունվար-փետրվար ամիսներին Դեբալցևո քաղաքի մոտակայքում:

Զեկույցի համահեղինակ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մակրոէկոնոմիկ հետազոտությունների բաժնի տնօրեն Սերգեյ Ալեքսաշենկոն հաշվարկել է հակամարտությունից ստացած տնտեսական վնասի չափը: Ըստ մասնագետի` 10 ամսվա ընթացքում ռուսական բյուջեից մոտ 53 մլրդ ռուբլի է ծախսվել Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող պատերազմի վրա, մոտ 80 մլրդ ռուբլի Ռուսաստանի տարածաշրջանի ղեկավարները ծախսել են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից փախստականներին ապահովելու համար, իսկ մոտ 2 տրլն ռուբլի սեփական աշխատավարձերից Ռուսաստանի բնակիչները կորցրել են Ղրիմը վերադարձնելուց հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը