Լրահոս

08.05.2015 18:40


ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է ՄԻՊ-ի տարեկան զեկույցը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ամփոփել է ՄԻՊ-ի տարեկան զեկույցը

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ մայիսի 8-ին շարունակել է « 2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումն ըստ ոլորտների:

Այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ՝ ՀՀ բնապահպանության նախարարությանը վերաբերող զեկույցները:

Տաթեւիկ Խաչատրյանը, ներկայացնելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արձանագրած դրական զարգացումները, նշել է, որ 2013 թվականի Պաշտպանի տարեկան զեկույցում առաջարկվել էր սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը հետաձգել մինչեւ ուսումնական տարվա կեսը կամ ավարտը: Ուսման վարձի վճարման ժամկետը հետաձգելու խնդրանքով 2014 թվականի ընթացքում նախարարությանը դիմել են շուրջ 1400 սոցիալապես անապահով ուսանողներ եւ նրանց բոլորին ուսման վարձը մաս-մաս վճարելու հնարավորություն է տրվել: Նա նշել է նաեւ, որ նախարարությունը բացահայտել է մի շարք հատուկ դպրոցներում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող բազմաթիվ երեխաների, որոնք մինչեւ 2014-2015 թթ. ուսումնական տարվա ավարտը կտեղափոխվեն հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Անդրադառնալով ոլորտում առկա բացթողումներին եւ խնդիրներին` Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ միջնակարգ կրթության որակն անբավարար է, քանի որ դպրոցների միջեւ կան կրթական որակի էական տարբերություններ, ուսուցիչները հաճախ առարկաները պատշաճ չեն դասավանդում, դպրոցներում առկա է համապատասխան կադրերի պակաս, դասարանները գերբեռնված են, որոշ դասագրքեր դժվարամատչելի են աշակերտների համար:

Արձագանքելով զեկույցին` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման եւ համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանն ընդգծել է, որ կան նկատառումներ, որոնց հետ նա համաձայն չէ, այդուհանդերձ նա չի ժխտել,որ ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությանը վերաբերող զեկույցով: Պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը, անդրադառնալով ոլորտում առկա ձեռքբերումներին, նշել է, որ նախարարությունը ձեռնարկել է համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի մշակում եւ քննարկում, որոնցով մասնավորապես սահմանել են բնապահպանական վճարի դրույքաչափեր` երկրի մակերեւույթի վրա կամ լեռնային փորվածքներում (արտադրական լցակույտերում) oգտակար հանածոների ուuումնաuիրության, արդյունահանման, վերամշակման եւ հարuտացման արդյունքում առաջացած ապարների պահման համար? խթանելով անթափոն տեխնոլոգիաների ներդրումը: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, անդրադառնալով ոլորտում առկա թերություններին, նշել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում առկա են մի շարք բացթողումներ ու թերություններ, որոնք հակասում են Հայաստանի միջազգային պարտավորություններին եւ խոչընդոտում շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությանը:

Արձագանքելով ՄԻՊ գրասենյակի տարեկան զեկույցին` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն արձանագրել է, որ որոշ հարցեր իրենց կողմից ուշադրության են արժանացել հենց ՄԻՊ գրասենյակի զեկույցի միջոցով եւ 2015 թվականին ոլորտում նկատվում են էական փոփոխություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցը վերաբերում էր Երեւանի քաղաքապետարանին: Պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանն, անդրադառնալով կառույցի ձեռքբերումներին, նշել է, որ 2014թ-ին քաղաքապետարանն ուշադրություն է դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց՝ վճարովի ավտոկայանատեղերում նրանց համար արտոնություններ սահմանելով: Բացի այդ` քաղաքում կառուցվել են բազմաթիվ թեքահարթակներ, երթեւեկությունը թեթեւացնելու համար ներկրվել են նոր ավտոբուսներ` դուրս բերելով հնամաշ միկրոավտոբուսները, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանում պատշաճ կերպով իրականացվում են մաքրման աշխատանքներ:

ՄԻՊ-ի տեղակալը նշել է, որ քաղաքապետարանում քիչ չեն նաեւ խնդիրները, որոնց մասին եւս Պաշտպանի գրասենյակը բարձրաձայնել է: Դրանցից են` բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող զվարճանքի վայրերի, սրճարանների եւ ժամանցի այլ վայրերի աղմուկը, նախակրթարանների գերծանրաբեռնվածությունը, հասարակական տրանսպորտի որակը, ցածրորակ սպասարկումը, հաշմանդամներին չհարմարեցված լինելը, հանրակրթական հաստատությունների շենքային, գույքային ոչ պատշաճ վիճակն ու դրանցում բժշկական սպասարկման խնդիրը:

Արձագանքելով Պաշտպանի զեկույցին` Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ զեկույցում արձանագրված հաջողություններն այն հարցերի շուրջ են, որոնց մասին քննարկում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ըստ նրա, այնուամենայնիվ, քաղաքապետարանի ձեռքբերումներն ավելի շատ են, քան արձանագրված է զեկույցում: Պարոն Արեյանը, անդրադառնալով նշված խնդիրներին, ներկայացրել է դրանց լուծման ճանապարհները: Նա նշել է, որ բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող զվարճանքի վայրերի, սրճարանների եւ ժամանցի այլ վայրերի աղմուկի հարցը լուծելու համար քաղաքապետարանը շուտով հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որով հստակ սահմանվելու է, թե քաղաքի որ հատվածում տեղակայված ժամանցի վայրը քանի ժամ աշխատելու իրավունք ունի: Բացի այդ` որոշ ժամանցի վայրերի արգելվել է աշխատել ժամը 24:00-ից հետո, որոշները տուգանվել են, իսկ մի քանիսն էլ՝ փակվել:

Խոսելով նախակրթարանների գերծանրաբեռնվածությունից` քաղաքապետի տեղակալը նշել է, որ խնդիրը միայն քաղաքապետարանինը չէ: Շատ քաղաքացիներ կրկնակի հերթագրվել են, ինչը շփոթություն է առաջացնում: Բացի այդ` 2014թ-ին նախակրթարան հաճախող 20 հազար երեխայի փոխարեն 2015թ-ին հաճախում է շուրջ 25 հազարը:

Երեւանի քաղաքապետարանը կիսում է ՄԻՊ-ի գրասենյակի այն տեսակետը, որ քաղաքը դեռեւս ամբողջությամբ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, սակայն վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն առաջնային պլանում են: Պարոն Արեյանը նշել է, որ մայրաքաղաքում տարեկան կառուցվում են շուրջ 1000 թեքահարթակներ, որոնց կառուցմանն ակտիվ մասնակցում են հասարակական կազմակերպությունները: 2014թ-ից 10 ավտոբուս հարմարեցված է տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացիներին, այս տարի եւս 10-ով կհամալրվի: Մի քանի ավտոբուսների մեջ տեղադրված են ազդանշանային կոճակներ` խոսելու խնդիր ունեցողների հարմարավետության համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, ամփոփելով իրենց ներկայացրած 12 զեկույցները, նշել է, որ դրանցում եղել են 167 համակարգային խնդիրներ, որոնք մեկը մյուսից կարեւոր են ու շուտափույթ լուծման կարիք ունեն: Նա նշել է, որ փոխվել է պետական մարմինների կողմից ՄԻՊ-ի զեկույցներն ընդունելու տրամադրվածությունը: Ըստ նրա` ոլորտում առկա խնդիրներն այլեւս քննարկվում են երկու կողմերի միջեւ: Պաշտպանն ուրախությամբ նշել է, որ բազմաթիվ խնդիրներ լուծվել են հենց իրենց միջամտությամբ, սակայն շատ-շատերն էլ դեռ լուծման կարիք ունեն:

Ամփոփելով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 4-8-ի «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումները` հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշել է, որ սա նոր մոտեցում է, քանի որ հնարավորություն է տալիս պատասխանատու գերատեսչություններին եւ պատկան մարմիններին՝ ներկայացնել իրենց դիրքորշումը` կապված ՄԻՊ-ի զեկույցի հետ, ինչպես նաեւ տեղեկացնել իրենց անելիքները` ներկայացված խնդիրները լուծելու եւ առաջարկներն ընդունելու ու իրագործելու կապակցությամբ:

ՀՀ ԱԺ

Այս խորագրի վերջին նյութերը