Աշխարհ

06.05.2015 21:28


ԱՄՆ–ում ձերբակալվել է 50 տարի թաքնվող մեղադրյալը (լուսանկար)

ԱՄՆ–ում ձերբակալվել է 50 տարի թաքնվող մեղադրյալը (լուսանկար)

79-ամյա Ֆրենկ Ֆրեշվոթերը, ով ավելի քան 50 տարի շարունակ թաքնվում էր իրավապահ մարմիններից, ձերբակալվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:

Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, 1957թ. Ֆրեշվոթերին դատապարտել են պայմանական ազատազրկման չկանխամտածված սպանության՝ հետիոտնին մեքենայի անիվների տակ գցելու համար։ Սակայն տղամարդը խախտել է պայմանական ազատազրկման կանոնները, և 1959թ. նրան դատապարտել են 20 տարվա ազատազրկման։ 7 ամիս անց Ֆրեշվոթերին հաջողվել է փախչել բանտից:

1975թ. իրավապահ մարմինները գտել են Ֆրենկին Արևմտյան Վիրջինիայում, սակայն նահանգապետը հրաժարվել է վերադարձնել նրան Օհայո, և տղամարդուն հաջողվել է փախչել օրենքի ներկայացուցիչներից։ Դրանից հետո նա անվանափոխվել է Վիլյամ Կոքս և տարիներ շարունակ բեռնատարի վարորդ աշխատել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, իսկ վերջին շրջանում անցել է թոշակի և բնակություն հաստատել Մելբուրն քաղաքում:

Հանցագործին բռնելու համար իրավապահ մարմինները դիմել են խորամանկ քայլի: Քանի որ այլևս հնարավոր չէր Ֆրեշվոթերի անձը հաստատել նկարի միջոցով՝ տարիների ընթացքում դեմքի փոփոխության պատճառով, իրավապահ մարմինները ներկայացել են որպես սոցիալական աշխատող և ստիպել մի շարք փաստաթղթեր ստորագրել, ինչից հետո համեմատել են նրա մատնահետքերը բազայում առկա մատնահետքերի հետ: Այդ ամենից հետո հանցագործը ստիպված է եղել ընդունել, որ հենց ինքն է պատկերված 50 տարի առաջ արված լուսանկարում։ Այժմ իրավապահ մարմինները պատրաստվում են տեղափոխել Ֆրեշվոթերին Օհայո, որտեղ էլ նա կկրի իր պատիժը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը