Աշխարհ

06.05.2015 10:55


ԵԽ հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին

ԵԽ հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին։ «Վեստի»–ի տեղեկացմամբ՝ Մոսկվայի դեմ կիրառվող եվրոպական պատժամիջոցների խստացման մասին բանաձևի նախագիծը քվեարկության կդրվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում 2015թ. հունիսին։

Իհարկե, եվրախորհրդարանականները նաև հետքայլի տեղ են թողել. նրանք հայտարարել են, որ պատժամիջոցները կխստացվեն, «եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, և հրաժարվի Ղրիմի ապօրինի բռնակցումից»։

Միևնույն ժամանակ, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, Բրյուսելը պնդում է Ուկրաինային պաշտպանական զենքի և ռազմական այլ օգնության տրամադրումը։

Բանաձևի նախագծում նաև կետ կա ԵՄ–ի՝ ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ի հետ համագործակցության շարունակության մասին՝ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար։

Բացի այդ, Եվրախորհրդարանը ՌԴ–ին պատժամիջոցներով է սպառնում ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին կալանքի տակ պահելու համար։

Իր հերթին ՌԴ արտոգրծնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում Ավստրիայի իր գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ պատժամիջոցները փոխկապակցված են մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը։

«Իմ գործընկերոջ դիրքորոշումից ստացվում է, որ Բրյուսելում և ԵՄ մյուս մայրաքաղաքներում կարծում են, որ մինսկյան պայմանավորվածությունները պետք է իրագործի միայն ՌԴ–ն։ Իսկ թե ինչ է սպասվում Ուկարինային այդ պայմանավորվածությունները միտումնավոր տապալելու դեպքում, Եվրամիությունը լռում է»,–ասել է Լավրովը։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է ձգտի դառնալ ինքնաապահովվող և ինքնաբավ այն բոլոր ճյուղերում, որտեղ մինչ այժմ մեծապես կախված էր արտասահմանցի իր գործընկերներից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը