Քաղաքական

05.05.2015 22:15


ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

2015 թ. մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան հերթական՝ վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցեց ընտրողների ավելի քան 70%-ը: Ընտրություններն ընթացան ազատ և մրցակցային պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները:

Խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն փաստը, որ յուրաքանչյուր ժողովրդավարական համակարգի գործունեության պարտադիր տարր հանդիսացող ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս: Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները, լինելով ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ, ուղղված են հանրապետության հասարակական կյանքի կազմակերպմանն ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության առաջմղման հիմքն են:

Ընտրությունները, որպես կամարտահայտություն Արցախի ժողովրդի կողմից, ում դերը սեփական ապագան որոշելու հարցում միանշանակ ընդգծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թ. ապրիլի 30-ի հայտարարության մեջ, նաև կարևոր ներդրում են տարածաշրջանում կայունության պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում:

Այս խորագրի վերջին նյութերը