Քաղաքական

04.05.2015 14:13


Ընդդիմադիր գործիչ. «Արցախի ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով»

Ընդդիմադիր գործիչ. «Արցախի ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով»

«Մայիսի 3-ին Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են զանգվածային խախտումներով։ Իշխանական կուսակցությունները և նրանց կողմնակիցները ընտրակաշառքներ են բաժանել, նաև վարչական ռեսուրսների կիրառմամբ փորձել են ընտրողներին ստիպել քվեարկել հօգուտ իրենց»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Դոլուխանյանը։

Ըստ Դոլուխանյանի՝ ճնշումներն իրենց կուսակցության անդամների նկատմամբ սկսվել են դեռևս նախընտրական շրջանում. «ԱԱԾ-ն, ոստիկանությունը, տարբեր պաշտոնյաներ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են իրականացրել, նրանց ուղղորդել են ընտրել ցանկացած այլ կուսակցության, միայն ոչ մեզ։ Արցախցիների շրջանում մեր մասին փորձում են կարծիք ձևավորել, որ մենք թշնամիներ ենք, երկրորդ կարգի մարդիկ»։

Անդրադառնալով Հայաստանի ընդդիմադիր որոշ գործիչների՝ Արցախում տեղի ունեցած ընտրություններին տված դրական գնահատականին և հայտնած ցանկությանը, որ այն օրինակ դառնա Հայաստանի համար՝ ընդդիմադիր գործիչը նշեց. «Եթե նրանք ուզում են, որ ճնշումների մեթոդներով, ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ դեպքերով, վարչական ռեսուրսների գործադրումով «Արցախյան դեմոկրատիան» օրինակ դառնա Հայաստանի համար, ապա խնդրեմ... «Արցախի դեմոկրատիայի» մասին դրական կարծիք արտահայտողներին դիլետանտ մարդիկ եմ համարում. այդպիսի «ընդդիմադիրները» պարզապես աչքակապությամբ են զբաղվում»,- նշեց Դոլուխանյանը՝ հավելելով, որ իրենք ընտրախատումների մասին բազմաթիվ փաստեր ունեն։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը