Լրահոս

29.10.2009 17:51


Տիգրան Սարգսյանը տեղյակ է, իսկ պաստառները շարունակում են պատռվել

Տիգրան Սարգսյանը տեղյակ է, իսկ պաստառները շարունակում են պատռվել

Այսօր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փաստանջյանը և Թեղուտի պաշտպանության խմբի անդամները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների դեմ։ Նմանատիպ մի միջոցառում էլ անց էր կացվել նախորդ շաբաթ, որի ընթացքում ոստիկանները պատռել էին Հայաստանի և Արցախի դրոշները պատկերող պաստառները։

Նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ես եկել էի բողոքի ակցիա անցկացնեի՝ պաստառով ցույց տալու, որ «Մեր հայրենիքը նաև Աղդամն է», որը «զոհ դարձավ» ոստիկաններին։ Կցանկանայի իմանալ՝ եթե ՀՀ-ում անձինք նման պաստառներով են ման գալիս, դա քրեորեն հետապնդելի արա՞րք է, որը պետք է հարձակման ենթարկվի ոստիկանների կողմից։ Ցանկանում եմ իմանալ՝ այդ ո՞ր պաշտոնյան էր հրաման տվել, որ հարձակվեին մեզ վրա, և ե՞րբ են պատասխանատվություն կրելու այն անձինք, որոնք իրագործել են այս հանցագործությունը»։

Պատասխանելով Զ.Փոստանջյանի հարցին՝ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ բարձրացված հարցին կառավարությունը տեղյակ է. այժմ հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում, և միջադեպին ընթացք կտրվի բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։

Տ. Սարգսյանի այս խոսքերին հաջորդած բողոքի ակցիայի պարագայում, սակայն, Զ. Փոստանջյանը միայն մի փոփոխություն է նկատել.

-Եթե մեկ շաբաթ առաջ նրանք պատռեցին մեր պաստառները, նաև բռնություն գորածադրեցին մեր նկատմամբ, ապա այս անգամ ուղղակի պատ էին կազմել ՝ փակելով մեր պաստառները,- «7օր»-ին ասել է Զ. Փոստանջյանը։

Հանրապետության հրապարակից ցուցարարներն այնուհետև խաղաղ քայլերթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Սակայն Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում նրանք հանդիպել են ոստիկանների պատի։ Ցուցարարները ստիպված կանգնել են ՀՀ ԱԺ-ի գլխավոր մուտքից 30 մետր դեպի վերև գտնվող հատվածում, հայրենասիրական երգեր երգել ու վանկարկել։ Սակայն ոստիկանները դա չեն հանդուրժել և սկսել են հրմշտել ցուցարաներին։ Պատռել են նաև մեկ պաստառ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը