Լրահոս

29.10.2009 17:48


Զարուհի Փոստանջյանը հաղորդում է հանցագործության մասին

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին

Ես՝ Զարուհի Փոստանջյանս, և ՀՀ այլ քաղաքացիներ 2009 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջև պաստառներով կազմակերպել էինք բողոքի գործողություն' ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, ինչպես նաև' ի անհամաձայնություն  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի' երեկ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում  հնչեցրած այն մտքի, թե «Հայոց աշխարհի շահերը տարբեր են»: Մեր բողոքի գործողության նպատակն էր հիշեցնել, որ «Հայոց աշխարհի շահերը միասնական են»:

Բողոքի գործողությունը սկսվեց նախատեսված ժամին' 11:00-ին: Ի տարբերություն մեկ շաբաթ առաջ  նույն տեղում կայացած բողոքի գործողության' այս անգամ ոստիկանների ապօրինի արարքը միայն մեր առջև  ոստիկանական պատ կազմելու մեջ էր, որը նպատակ ուներ պաստառները փակել անցորդների աչքից:

Բողոքի գործողության երկրորդ մասը, որը նախատեսված էր անցկացնել Բաղրամյան պողոտայում' նախագահական նստավայրի դիմացի մայթին, մեզ չհաջողվեց: Երբ շուրջ  երկու  տասնյակի հասնող ցուցարարներս խաղաղ երթով հասանք մինչև Բաղրամյան-Դեմիրճյան  փողոցների խաչմերուկ,  ԱԺ գլխավոր մուտքից  շուրջ 30 մետր հեռավորության վրա մեր ճանապարհը փակեցին ոստիկանության համազգեստով շուրջ 25 անձինք' Երևանի Արաբկիրի բաժնի ոստիկանության  կապիտան ներկայացած ոստիկանի գլխավորությամբ: Նրանք կենդանի շղթա կազմեցին և կասեցրեցին մեր երթը' այդ կերպ հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ինչպես բողոքի մասնակիցների քաղաքացիական իրավունքները, այնպես էլ ՀՀ օրենսդրությունը: Քանի որ մենք առաջ գնալու հնարավորությունից զրկված էինք, կանգ առանք և ոստիկաններից խնդրեցինք մեզ տրամադրել որևէ փաստաթուղթ' մեր տեղաշարժը խոչընդոտելու հիմքի վերաբերյալ, սակայն մեր խնդրանքը մերժվեց: Ըստ ոստիկանների' իրենք էլ չգիտեին, թե որ օրենքի հիման վրա  են խոչընդոտում մեր տեղաշարժը: Միակ պատճառաբանությունը հետևյալն էր, թե նախագահը միջոցառում է անցկացնում և իրենք նպատակահարմար չեն գտնում մեր տեղաշարժը: Մենք' ցուցարարներս, փորձեցիք այդ վայրում' Բաղրամյան փողոցում, շարունակել մեր բողոքի գործողությունը: Երբ պաստառներով կանգնած երգում և վանկարկում էինք, ոստիկանները սկսեցին հրել ու ետ մղել մեզ և պատռեցին Հայաստանի ու Արցախի քարտեզը: Ոստիկաններից մեկը, որը փոխգնդապետի ուսադիրներով էր, ինձ սպառնում էր, թե ես խուլիգանություն եմ անում:  

Փաստորենմեկ շաբաթ առաջվա և այսօրվա մեր իրականացրած բողոքի գործողությունները ոստիկանների կողմից ենթարկվեցին ճնշման: Ոստիկանների նման վերաբերմունքը միանշանակ փաստում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը ահաբեկված է շուրջ երկու տասնյակ խաղաղ ցուցարարներից  և նրանց պաստառներից:

ՀՀ ոստիկանության աշխատակիցներին տեղեկացնում եմ, որ մենք օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքերից: Ոստիկանների կողմից վերը նշված գործողությունները ՀՀ  Սահմանադրության և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների  խախտում են: Խաղաղ ցուցարարներից և նրանց պաստառներից պետք չէր խուճապի մեջ ընկնել և քրեորեն հետապնդելի արարքներ կատարել:

Հիմք ընդունելով վերոգրյալը' խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը և օրենքով սահմանված կարգով արդյունքների մասին հայտնել ինձ:

Զարուհի Փոստանջյան

ԱԺ պատգամավոր

«Ժառանգություն» խմբակցության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը