Լրահոս

29.10.2009 17:13


ՀՀ վարչապետ. «Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան չինովնիկներ, որոնք զբաղված են փողերի լվացմամբ»։

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչեւ օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին.
«Այսօր «168 ժամ»-ը հրապարակել է մի հոդված փողերի լվանալու մասին և, մասնավորապես, Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ։ Դա նշանակում է, որ համապատասխան կառույցները պետք է արձագանքեն այս հայտարարությանը։ Կարծում եմ' և՛ դատախազությունը, և՛ կենտրոնական բանկը պարտավոր են հրապարակայնորեն արձագանքել Վիկտոր Դալլաքյանի այս հայտարարությանը։ Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան չինովնիկներ, որոնք զբաղված են փողերի լվացմամբ։ Երկրորդը' նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին օրենքի նախագիծը, որի նպատակը ճգնաժամի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում ներդրումները կարճ ժամկետով խթանելն է, այսինքն' սա ժամանակավոր օրենք է, որի էությունն այն է' որ եթե 2009, 2010, 2011թթ. Հայաստանի Հանրապետությունում մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում անողներ լինեն, ապա մենք այդ ներդրողների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ։ Հասկանալի է, որ ճգնաժամի ժամանակ ներդրումներ ներգրավելը դյուրին գործ չէ, եւ այս օրենքի նպատակը հենց դա էր։ Եթե օրենքը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր, ապա, բնականաբար, նպատակահարմար է, որ մենք այն չընդունենք։ Բայց այն մեխանիզմները, որոնք դրված են օրենքի հիմքում, իմ համոզմամբ, էապես եւ որակապես տարբերվում են այլ գործընթացներից։ Ենթադրվում է, որ պետք է ստեղծվեն նոր ձեռնարկություններ, որոնք պետք է իրականացնեն մեկ միլիարդ դրամից ավելի կապիտալ շինարարություն, ինչպես նաեւ արտադրական շինարարություն եւ այդ ծրագրերը գտնվելու են ոչ միայն կառավարության, այլեւ հանրության հսկողության տակ։ Եթե այդ ներդրումները չեն գերազանցի 1 մլրդ դրամը, ապա չեն ստանա համաֆինանսավորում, իսկ համաֆինանսավորման չափը իրականացվելու է նույն սկզբունքով, ինչով մենք իրականացնում ենք ՀԲ-ի, միջազգային այլ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր։ Համաֆինանսավորման նպատակն է վերադարձնել շինարարներին ԱԱՀ-ն, որ նրանք վճարում են։ Եթե այս օրենքը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ավելի բարձր ռիսկեր, քան այսօրվա շինարարական գործընթացներն են ենթադրում, ապա, բնականաբար, մենք այսօր հետ կկանչենք Ազգային Ժողովից։ Բայց մտահոգիչն այն է, որ թերթերը, զանգվածային լրատվական միջոցները, Ազգային Ժողովի պատգամավոր մեր գործընկերը հրապարակավ հայտարարություն է անում, որ ինքը քաջատեղյակ է փողերի լվացմանը։ Դա նշանակում է, որ ինչպես նա հրապարակայնորեն այդ մեղադրանքը մեզ է ներկայացնում, այնպես էլ մենք պարտավոր ենք հրապարակայնորեն արձագանքել այդ մեղադրանքին»։
Նիստին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ օրեր առաջ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում, որին հրավիրված էին նաեւ կենտրոնական բանկի աշխատողները, լրագրողներ, նաեւ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, թափանցիկ եւ հրապարակայնորեն քննարկվել են իրավապահ ոլորտի եւ բանկային համակարգի կողմից փողերի լվացման դեմ պայքարի արդյունքները։ Ներկայացվել է Ստրասբուրգում մի քանի օր առաջ տեղի ունեցած ՄԱՆԻՎԱԼ-ի նիստի ժամանակ Հայաստանին տրված գնահատականը եւս, ըստ որի Հայաստանը չի գտնվում հատուկ հսկողության տակ գտնվող երկրների շարքում։ Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ՄԱՆԻՎԱԼ-ի խումբը վերջերս եղել է Երեւանում, աշխատել այստեղ եւ իր հետ հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել փողերի լվացման դեմ հատկապես վերջին տարիներին ծավալված պայքարի մասին։ Նույնիսկ համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանում կազմակերպվի դրական փորձի փոխանակման տարածաշրջանային քննարկում։ Գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտության դեպքում այդ ամենի մասին դարձյալ կտեղեկացվի հանրությանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ նման հարցերն անպատասխան թողնելը ճիշտ չէ, դրանք լուրջ ազդակ են կառավարության եւ հասարակության համար, քանի որ իշխանությունը հետամուտ է լինելու նման դեպքերի բացահայտմանը։ «Բայց եթե այդպիսիք չկան, ապա պետք է միջավայրը փոխվի Հայաստանում»,- եզրափակել է վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը