Լրահոս

29.04.2015 20:59


Ֆիննախի պարզաբանումը՝ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունների վերաբերյալ

Ֆիննախի պարզաբանումը՝ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ: Մասնավորապես, ի թիվս այլ ձևակերպումների, Ա.Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ հարկային մարմնի քայլերը որակել է որպես «բանսարկություն»: Այդ առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ՝ «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ» ՓԲ ընկերության տնօրեն Գ.Ժամհարյանի կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերի հասնող հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությանը պատկանող Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքն ընդգրկված է որպես ավտոկանգառի ծառայություն մատուցելու համար նախատեսված տարածք, որտեղ կազմակերպիչը վաճառատեղեր չի տեղաբաշխել: Չնայած այդ հանգամանքին, նշված վայր կատարված այցելությամբ պարզվել է, որ շաբաթ և կիրակի օրերին այդ վայրում իրականացվում է մանրամեծածախ առևտուր, որի կազմակերպումը չի կարող համարվել տոնավաճառ, քանի որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 18-րդ մասի և 9-րդ կետի 9-րդ մասի պահանջների համաձայն` տոնավաճառները կազմակերպում են Տեղական ինքնակառավարման մարմինները` շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին: Այսինքն, տվյալ պարագայում, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգի պահանջները տարածվում են «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության վերոնշյալ տարածքի վրա: Բացի այդ, պարզվել է, որ նշված տարածքում գտնվող 538 տաղավարներում, ըստ նախապես կնքված վարձակալության պայմանագրերի, առևտրային գործունեություն է իրականացնում 481 ֆիզիկական անձ՝ 167-188 հազար ՀՀ դրամ ամսավճարներով: Այդ անձինք անվտանգության ծառայության համար ամսական վճարում են 10-12 հազար ՀՀ դրամ, նրանցից 19-ը՝ սեփական ավտոմեքենայով տարածք մուտք գործելու համար՝ 40-60 հազար դրամ, իսկ 10 անձ՝ 4-20 հազար դրամ՝ պահեստային մասից օգտվելու համար, սակայն նշված գումարները չեն արտացոլվել հարկային տեսչություն ներկայացված հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում: Արդյունքում, ընկերությունը, հարկվող շրջանառությունը թաքցնելու միջոցով, խախտել է «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները: 2014թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության կազմած սեպտեմբերի 8-ի համապատասխան ակտով «Հրազդան Կենտրոնական Մարզադաշտ» ՓԲԸ-ում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում ընկերությանն առաջադրվել է պետբյուջե լրացուցիչ գանձման ենթակա 52.949.380 դրամի հարկային պարտավորություն, որից հարկի գումար` 25.691.053 դրամ, տույժեր` 11.793.689 դրամ, տուգանք` 15.464.638 դրամ: Ստուգման ակտի հիմքում դրվել են ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տարածքում գործունեություն ծավալող շուրջ 220 անձանց բացատրություններում, այնպես էլ քրեական գործով նրանց ցուցմունքներում ձեռք բերված ելակետային տվյալները: Նախաքննության ընթացքում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության տնօրեն Գ.Ժամհարյանը պետբյուջե է վերականգնել ընկերությանն առաջադրված լրացուցիչ գանձման ենթակա 52.949.380 դրամի հարկային պարտավորությունները: Միաժամանակ, ընկերությունը ստուգման ակտը բողոքարկել է դատական կարգով: Նախաքննության ընթացքում ի հայտ են եկել նոր ելակատային տվյալներ, որոնք ներառված չեն նշված ստուգման ակտով արձանագրված խախտումների մեջ և ունեն քննությամբ ստուգելու անհրաժեշտություն: Դրա շուրջ իրականացվում է նախաքննություն:

Գործունեության հավասար պայմանների ապահովման ուղղությամբ Ֆինանսների նախարարության քայլերը բիզնեսի ոչ բոլոր ներկայացուցիչների կողմից են միանշանակ ընկալվում: Ուստի, ժամանակն է, որ տնտեսվարող սուբյեկտները սթափ գնահատեն օրենքի դաշտում լիարժեք գործելու անխուսափելիությունը և դրա կարևորությունը՝ սեփական երկրի տնտեսության առաջընթացն ապահովելու հարցում:

ՀՀ ֆինանսների նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը