Աշխարհ

28.04.2015 18:15


Ռոուհանի.«Եթե «վեցնյակն» անհրաժեշտ վճռականություն դրսևորի, շուտով միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կկնքվի»

Ռոուհանի.«Եթե «վեցնյակն» անհրաժեշտ վճռականություն դրսևորի, շուտով միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կկնքվի»

Եթե «վեցնյակն» անհրաժեշտ վճռականություն դրսևորի, ապա մոտ ամիսներին հնարավոր կդառնա Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կնքել: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Թեհրանում տարբեր շրջանների աշխատողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Եթե երկրորդ կողմի մտադրությունները լուրջ լինեն, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կկնքվի արդեն մոտ ամիսներին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո արտադրության զարգացման պայմաններն Իրանի համար շատ ավելի բարենպաստ կլինեն», - ընդգծել է Ռոուհանին:

Իրանի նախագահը նաև հերքել է այն պնդումները, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ առճակատման ավարտն Իրանի ներկա կառավարության միակ առաջնահերթությունն է` նշելով, որ միջուկային խնդրի լուծումն ընդամենն առաջին քայլն է երկրում առկա սկզբունքային խնդիրների լուծման ճանապարհին:

Միևնույն ժամանակ, Ռոուհանին հիշեցրել է, որ Իրանի գլխավոր նպատակը «վեցնյակի» հետ բանակցություններում հնարավորություն ստանալն էր՝ աշխարհին ապացուցելու, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական բնույթ չունի, և որ Իրանը կործանարար միջուկային ռումբ չի ստեղծել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը