Խմբագրական

24.04.2015 19:00


100 տարի անց

100 տարի անց

Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցն ենք նշում։

Ի՞նչ ունենք, և ի՞նչ չունենք 100 տարի անց։

Ի տարբերություն 1915թ.–ի՝ ունենք պետություն։ Այն էլ՝ երկու հատ։ Մեկը միջազգայնորեն ճանաչված, մյուսը՝ ճանաչման ճանապարհին։

1988–ի շարժումը, որն, ի վերջո, բերեց պատերազմի հաղթանակին ու հայկական զույգ պետությունների ստեղծմանը, ևս մեկ անգամ ապացուցում է այն թեզը, որ պետությունը, որպես ազգերի ինքնակազմակերպման ամենաբարձր աստիճան, ի զորու է լուծել անվտանգության խնդիրը։ Եթե ունես պետություն, ապա կարող ես կռվել, այդ կռվում հաղթել կամ պարտվել, բայց զանգվածաբար ոչնչանալուց հաստատ կարող ես խուսափել։

Սումգայիթի ու Բաքվի ջարդերը հետագայում կտեղափոխվեին բուն Ղարաբաղ ու Հայաստան, և մենք քսաներորդ դարում երկրորդ անգամ ցեղասպանության կենթարկվեինք (համարյա դրան էր գնում ամեն ինչ), եթե չլիներ թեկուզ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը։

Այսպիսով, արժե կարևոր բան ամրագրել։ Ազգերի՝ կոտորվելուց ու թափառական դառնալուց խուսափելու լավագույն գործիքը պետությունն է։

Պետությունն է, որ ունենում է կանոնավոր բանակ։ Բանակն է զորահրամանատարներ ծնում, խիզախ զինվորներ առաջ բերում և կազմակերպված սպայական կազմ ստեղծում։ Հախուռն գրոհը, խմբակային ինքնապաշտպանությունը և ֆիդայականությունը միայն գրականության կամ երգերի մեջ են, այսպես ասած, լավ նայվում։ Ոչ մի ֆիդայականություն չի հասնի կանոնավոր բանակին։ Ֆիդայականությունը պետության չգոյության վկայությունն է։ Ֆիդայականության մասին պետք է հիշել, բայց երազել դրա վերադարձի մասին՝ երբե՛ք։

Կանոնավոր բանակի կազմավորումն էր, որ 1993ի կեսերից սկսած՝ հնարավորություն տվեց մեզ ոչ միայն պաշտպանվել ադրբեջանական հարձակումներից, այլ նաև ազատագրական մարտեր մղել։ Դա մեր մեջքը շտկելու հնարավորություն տվեց, բայց քանի որ ողբը տևական ժամանակ էր նստած մեջներս, կրակն ընկանք այդ հաղթանակի ձեռքն, ու սկսեցինք մրցավազքի մեջ մտնել, թե ով ավելի շատ ու ավելի շուտ կհանձնի, որ «անդարդ» ապրենք։

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց պետք է արձանագրենք, որ մեր ունեցած զույգ պետությունները, մեղմ ասած, լավ վիճակում չեն։ Հաղթանակը մսխվում է, աճուրդի են հանվել ինչպես անցյալը, այնպես էլ ներկան։ Իսկ դա նշանակում է, որ վտանգված է ապագան։

Եթե նախկինում երիտթուրքերն էին հայերին արտաքսում իրենց բնակավայրերից, ապա հայերն այժմ ինքնաարտաքսվում են՝ հեռանալով ագահության, դիլետանտիզմի և վատ կառավարման դրսևորումներից։

Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը մեր՝ ՀՀ քաղաքացիներիս գործն է։ Պոռոտախոս «պահանջատիրությունը» և հանձնվողական «քիրվայությունը» հավասարապես վտանգավոր են մեր երկրի համար։

Իրական հայաստանակենտրոնությունը ամենօրյա աշխատանքի ու նորմալ պետություն ստեղծելու մեջ է։ Իրական պահանջատիրությունը եղածը պահելու, տունը շենացնելու և մարդկանցով բնակեցված հողեր ունենալու մեջ է։ Իսկ եթե ավելիին ենք ձգտում, ապա դրա համար էլ է պետք քրտնաջան աշխատել, այլ ոչ թե մեծ–մեծ խոսել ու փախչել կոնկրետ գործից։

Այսօր հայաթափվում են բուն Հայաստանն ու Ղարաբաղը։ Եվ այդ ամենը՝ հարաբերական խաղաղության պայմաններում։ Պատճառը բոլորիս է հայտնի՝ մենք չենք կարողացել այնպիսի պետություն ստեղծել, որ պաթոլոգիկ ագահները և պրոֆեսիոնալ դիլետանտները չհայտնվեն պետական կառավարման վերին օղակներում՝ գրավելով նախագահական նստավայրը, Կառավարության շենքն ու ԱԺ–ն։

Մենք դեռ այնքան չենք թուլացել, որ մեր բանակը չկարողանա անվտանգության խնդիրներն այս պահին լուծել, բայց այնքան ենք հետընթաց արձանագրել վերջին վեց–յոթ տարվա ընթացքում, որ այսպես շարունակվելու դեպքում բացասական զարգացումներից խուսափելն անհնար կլինի։

Ցավով պետք է նաև արձանագրել, որ Ցեղասպանությունից 100 տարի անց ունենք մի իշխանություն, որն առևտրի առարկա դարձրեց Մեծ եղեռնը՝ կողմ արտահայտվելով հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններին։

«Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում մենք զգուշացնում էինք բոլոր վտանգների մասին և կանխատեսում, թե ինչ է սպասվում այս ամենի արդյունքում, սակայն 2008–ից իշխանությունը վերցրած Սերժ Սարգսյանին դա չէր հետաքրքրում, քանզի լրիվ այլ հարց էր լուծվում, կամ էլ՝ իշխանական վերին էշելոններում կատարյալ դիլետանտիզմ էր տիրում, ինչն էլ թույլ չէր տալիս տեսնել, մեծ հաշվով, ոչ այնքան անտեսանելի բաները։ Ինչևէ։

Հիմա, երբ Հայաստանը դարձել է աշխարհի կենտրոն, ու առաջադեմ մարդկությունը մեզ հետ նշում է մեր ողբը, պետք է հասկանանք, որ մենք միայն ողբի համար չենք ստեղծված։ Ու մեզ հետ հաշվի կնստեն այն ժամանակ, երբ ուժեղ լինենք։ Ու թքած, թե ով կօգտագործի «ցեղասպանություն» բառը, կամ չի օգտագործի, ով կօգտագործի այն սեփական շահերից ելնելով, իսկ ով՝ անկեղծորեն։

Մենք պետք է այնքան հզոր լինենք, որ կարողանանք դաշնակից պետություններ գտնել։ Ուրիշի վրա հույս դնելը կամ ուրիշներից նեղանալը (որ մեզ չօգնեցին) ոչ միայն թուլության, այլ, նախ և առաջ, անմեղսունակության նշան է։ Այս առումով շատ լավ ձևակերպում է տվել Գարեգին Նժդեհը։

«Ինքնապաշտպանությունն առաջընթացի հրամայականն է։ Այլևս ոչ ոք չի հավատում, թե կարելի է կանգնեցնել առաջընթացի հաղթական կառքը գետինը փռված պարտվածների և թույլերի հառաչանքներով։ Այլևս գաղտնիք չէ, որ պետությունները բնական հակառակորդներ են, որոնցից ամեն մեկը ձգտում է տարածվել, ուժեղանալ, շահել իր հարևանների հաշվին։ Հարձակվում է նա, ով իրեն ուժեղ և պատրաստ է զգում հարձակվելու՝ լավագույն պաշտպանությունը տեսնելով նախահարձակման մեջ։ ... Եվ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են և դառնում որսը նրանց, որոնց ուժը աճում է և ծավալվում անդիմադրելիորեն»,– համոզված է Նժդեհը («Բաց նամակներ հայ մտավորականությանը»):

Սա «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» բանաձևի բացված տեսքն է։

Ինչ վերաբերում է դաշնակիցներին ու թղթային համաձայնություններին, ապա այստեղ էլ Նժդեհն իր դիագնոզն է դնում ու բուժումն առաջարկում։

«Պետությունները հաշվի են առնում միջազգային իրավունքը և հարգում իրենց ստորագրած պայմանագրերը, քանի դեռ շահում են գոյություն ունեցող դրությունից, սակայն հենց որ մեկ այլ դրություն, հենց որ մեկ ուրիշի թղթե բարեկամությունն իրենց ավելի շահավետ թվաց, նրանք թքում են պայմանագրերի վրա, լքում իրենց նախկին զինակիցներին և սպառնում աշխարհի խաղաղությանը։ Սա է իրերի առարկայական դրությունը, սա է իրական աշխարհը»։

Ավելացնելու բան չկա։

Հազար ողորմի անմեղ զոհերին։

Կեցցե՛ն ՀՀ–ն ու ԼՂՀ–ն։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը