Քաղաքական

24.04.2015 18:09


Ռումինիայի նախագահը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ռումինիայի նախագահը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար։ Այս մասին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը։

Նախագահի խոսքերով՝ հայ ժողովրդի վերապրած ողբերգության հիշատակումը և իրազեկումը պարտադիր քայլ է աշխարհի համար, որպեսզի դասեր քաղվեն անցյալից։

«1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհ հարգանքն եմ բերում հայ ժողովրդի զոհերին, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուր հազարավոր անմեղ հոգիներ զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որը ստվերում է մարդկությունը, և որը մեզ ստիպում է այսօր ճանաչման և հաշտեցման»,–ասել է նախագահը։

Հայտարարություն է տարածել նաև Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը։

Մեջբերելով Հռոմի պապի հայտարարությունից հատվածներ («Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և նախորդել է նացիստների և Ստալինի կողմից իրագործված այլ ցեղասպանություններին»)՝ հանձնաժովն անդրադարձել է նաև ԵԽԽՎ հայտարարությանը.

«Առաջին անգամ Եվրոպական խորհրդարանի որոշմամբ՝ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բնորոշվում են որպես ցեղասպանություն:

Կարծում ենք, որ ինչպես Ռումինիայում հիշատակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների և գնչուների Հոլոքոսթը, եկել է ժամանակը՝ հիշատակելու նաև հայերի դեմ ցեղասպանությունը՝ նաև՝ օրենսդրական նախաձեռնության ձևով ապրիլի 24-ը «Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»,-առաջարկել է Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը