Լրահոս

23.04.2015 21:07


21-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվում է անչափահասը (լուսանկարներ)

21-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվում է անչափահասը (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2015թ. ապրիլի 13-ին` ժամը 21:20-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ա.Խաչիկյանը` «որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք` լյարդի վնասում» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 21-ամյա երիտասարդը վիրահատվելուց հետո ի վիճակի չի եղել ցուցմունք տալ կամ պատասխանել հարցերին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ։ Պարզվել է, որ Ա.Խաչիկյանը մարմնական վնասվածքն ստացել է 2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, թիվ 111 դպրոցի մոտ։ Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Խաչիկյանը Լուկաշինի փողոցի մոտ գտնվող դեղատան մոտ հանդիպել է 5-6 անծանոթ տղաների, որոնց հետ վիճաբանություն է սկսվել իր հասցեին հնչած ռեպլիկի պատճառով: Պարզաբանելու և խոսակցությունը շարունակելու նպատակով գնացել են թիվ 111 դպրոցի հետնամաս։ Խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Ա.Խաչատրյանին կտրող-ծակող առարկայով պատճառվել է մարմնական վնասվածք։
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում 2015 թվականի ապրիլի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին ինքնակամ ներկայացել է անչափահաս, 15-ամյա պատանին և ձերբակալվել։ Նա խոստովանել է, որ 2015 թվականի ապրիլի 13-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել Ա.Խաչատրյանին՝ հայհոյելու համար: Դեպքից հետո անչափահասը մեկնել է տատիկի տուն։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ: Նրա մասնակցությամբ կատարվել դեպքի վայրի զննություն։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա անչափահասին մեղադրանք է առաջադրվել Խաչատրյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար։ Հաշվի առնելով, որ մեղադրյալն անչափահաս է, ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին եւ հիմքեր չկան կասկածելու, որ կարող է թաքնվել քննությունից՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը