Լրահոս

28.10.2009 18:25


Տիգրան Սարգսյան. «Որպես այդ հայկական աշխարհում լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ՝ պատասխանատու եմ նաև 10 մլն–ի առջև»

Տիգրան Սարգսյան. «Որպես այդ հայկական աշխարհում լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ՝ պատասխանատու եմ նաև 10 մլն–ի առջև»

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը («Մենք պատասնատու ենք միայն 3 մլն-ի առաջ»), հանրության շրջանում հուզում են առաջացրել։ Ա. Շահբազյանը նկատել է, որ վարչապետի այդ արտահայտությունը համընկել է այն ժամանակաշրջանի հետ, երբ 10 միլիոնանոց Հայոց աշխարհը դեմ արտահայտվեց Հայաստան-Թուրքիա արձանագրություններին, իսկ թուրք բարձրագույն պաշտոնյաները Հայաստանին խորհուրդ էին տալիս ձերբազատվել Սփյուռքից  և ինքնուրույն կողմնորոշվել։

Ա. Շահբազյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ պնդել է, որ հայկական աշխարհը չի կարող միատարր լինել։

-Պետք չէ վախենալ այն հանգամանքից, որ հայկական աշխարհի սուբյեկտների շահերը կարող են տարբեր լինել։ Դա բնական է։ Անբնական կլինի, եթե հայկական աշխարհում գործող բոլոր սուբյեկտների շահերը լինեն միասնական։ Այդպես չի լինում աշխարհում։ Ուղղակի մենք պետք է գտնենք այդ շահերի ճիշտ բախման բանաձևերը, որպեսզի հայկական աշխարհն արդյունքում շահի, ոչ թե տուժի,- նշել է Տ. Սարգսյանը՝ ավելացնելով, որ պարատավոր ենք ուժեղացնել հայկական աշխարհը, որի շարժիչ ուժը Հայաստանն է.

-Ես՝ որպես վարչապետ, միայն 3 մլն-ի համար պատասխանատու չեմ. որպես այդ հայկական աշխարհում լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ՝ պատասխանատու եմ նաև 10 մլն-ի առջև։

Տ. Սարգսյանը նաև չի համաձայնել ՀՅԴ խմբակցության քարտուղարի այն պնդման հետ, որ Սփյուռքը միահամուռ դեմ է Հայաստան-Թուրքիա արձանագրություններին.

-Ավելին, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սփյուռքի միայն մի փոքրիկ՝ քաղաքականացված հատվածն է դեմ այդ արձանագրություններին, որովհետև իրենց պատկերացումները չեն համընկնում ՀՀ-ի պատկերացումների հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, և դա բնական է։ Հայկական աշխարհը չի՛ կարող միատարր լինել։ Այն բազմազան է և հզոր է դրանով, որ այդ բազմազանության մեջ կան տարբեր կարծիքներ, և մենք հարգում ենք այդ կարծիքները։

Տ. Սարգսյանը նաև ճիշտ չի համարել, որ հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա թուրք պաշտոնյաների բոլոր հայտարարություններին, քանի որ համոզված է, որ դա ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը